Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պաշտոնավարման ժամանակ էլ ենք բարձրացնել». «Ժողովուրդ»

Նոյեմբեր 27,2013 11:48

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ներդրման հարցում ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն եւս իրենց մեղքի բաժինն ունեն։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2008թ., երբ իշխող կոալիցիան կազմված էր չորս կուսակցությունից՝ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ՕԵԿ, կառավարության նոյեմբերի 13-ի նիստում ընդունվել էր 1487-Ն որոշումը, որով հաստատվել էր «ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը եւ կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը»։ Այդ ծրագիրը ենթադրում էր նաեւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրում։ Իսկ այն ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր ՀՅԴ-ական Արսեն Համբարձումյանը։ «Ժողովուրդ»–ը զրուցեց նրա հետ՝ պարզելու, թե ինչու են ժամանակին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին կողմ եղել, իսկ այժմ հայտարարում են, թե պայքարելու են դրա ներդրման դեմ։

– Բարեփոխումների ծրագրի մշակումը սկզբնավորվել է շատ ավելի վաղուց՝ 2003 թվականից ի վեր, Կենտրոնական բանկի կողմից։ Ու այս ամբողջ գործընթացն ավելի քան 10 տարվա պատմություն ունի։ Բնականաբար գրել, թե այդ ծրագիրը մշակվել էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջոցով, կարծում եմ՝ ճիշտ չէ։ Այդ ծրագիրն ի սկզբանե մշակվել է Կենտրոնական բանկի կողմից, հետագայում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը՝ իբրեւ շահագրգիռ գերատեսչություն, մասնակից է դարձել գործընթացին, եւ դաշնակցական նախարարների, այդ թվում՝ իմ պաշտոնավարման ժամանակ փորձել ենք անել առավելագույնը՝ նախկինում մշակված ծրագիրն էապես բարեփոխելու համար։ Եվ ասեմ՝ լուրջ հաջողություններ ենք արձանագրել այս առումով։

– Բայց կառավարության բոլոր անդամները, այդ թվում՝ ՀՅԴ-ական ու ԲՀԿ-ական նախարարները, հավանություն են տվել այս նախագծին։ Եթե այն ի սկզբանե վտանգավոր էր, ինչո՞ւ կառավարության նիստում չեք ընդվզել դրա հաստատման դեմ։

– Օրենսդրական փաթեթը, որն իր մեջ ներառում էր ավելի քան 50 օրենքների նախագծեր, դաշնակցական նախարարների օրոք չէ, որ բերվել է խորհրդարան։ Գործընթացին մասնակից եղել ենք, բայց օրենքներն այն տեսքով, ինչ տեսքով որ բերվել են ԱԺ, մեր ստորագրությամբ չէ, որ բերվել են, եւ այն ռիսկերը, այն վտանգները, որ կան, դրանց մասին պաշտոնավարման ժամանակ էլ ենք բարձրաձայնել։ Այսինքն՝ այն ժամանակ էլ ենք մեր մտահոգությունները հայտնել եւ փորձել ենք նաեւ դերակատար լինել, որ այդ փոփոխությունները տեղի ունենան։ Այդ ամբողջ փաթեթի մշակման վրա աշխատել են մի քանի գերատեսչու¬թյուններ՝ ֆինանսների նախարարություն, էկոնոմիկայի նախարարություն, Կենտրոնական բանկ ու նաեւ սոցնախարարություն, ու կողմերը, բնականաբար, շատ ու շատ հարցերի հետ կապված, ունեցել են տարբեր մոտեցումներ։ Քննարկումների արդյունքում որոշ հարցերում ընդհանուր հայտարարի ենք եկել, որոշ հարցերում էլ՝ ոչ:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930