Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իրանը նոր իրավիճակում. «Հայկական ժամանակ».

Նոյեմբեր 27,2013 11:42

2013 թվականի ամռան սկզբին քչերն էին պատկերացնում, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում նախագահական ընտրություններից հետո կարող է ձեւավորվել մի իրավիճակ, երբ հնարավորություն կստեղծվի ոչ միայն որոշակիորեն ազատականացնել ԻԻՀ ներքին կյանքը, այլ նաեւ նախադրյալներ ստեղծել երկիրն ընդամենը 6 ամսում կրկին համաշխարհային հանրության լիիրավ անդամ դարձնելու համար։ Այսօր արդեն ակնհայտ է, որ Իրանը սկսել է դրսեւորել կանխատեսելի պահվածք, ինչպես նաեւ այդ հանրության մեծերի հետ խոսել նույն լեզվով։

Սույն թվականի հունիսի 14-ին Իրանի նախագահական ընտրություններում շատերի համար անսպասելի հաղթանակ տարավ չափավոր բարեփոխիչ Հասան Ռուհանին, ով այդ պաշտոնում փոխարինեց Իսլամական Հանրապետությունը ծանր տնտեսական ճգնաժամի եզրին հասցրած Մահմուդ Ահմադինեժադին: Ընտրություններից անմիջապես հետո շատ վերլուծաբաններ դժվարանում էին բացատրել Ռուհանիի հաղթանակի ֆենոմենը, այն էլ՝ առաջին տուրում։ Սակայն ակնհայտ էր մի բան. Իրանի Իսլամական Հանրապետության հոգեւոր ղեկավարությունը, որը փաստացի որոշում է երկրի արտաքին եւ ներքին քաղաքական վեկտորները, հասկացել էր, որ տնտեսության անկման այս տեմպը շարունակելու դեպքում երկիրը կարող է հայտնվել անդառնալի երեւույթների կիզակետում՝ առաջինը հաշվի առնելով հենց այն հանգամանքը, որ Իրանը գտնվում էր ծանր սոցիալական իրավիճակում, ինչը նաեւ պայմանավորված էր պատժամիջոցներով, որոնք մինչեւ անցած շաբաթ ավելի էին հյուծում պետության տնտեսությունը։

Երկրի հոգեւոր ղեկավարությունը դասեր էր քաղել նաեւ նախորդ (2009 թվական, պաշտոնական արդյունքներով հաղթեց Մահմուդ Ահմադինեժադը) ընտրություններից, երբ ընդդիմադիր թեկնածուի փաստացի հաղթանակը չճանաչվեց Այաթոլլահի եւ գործող քաղաքական էլիտայի որոշակի շրջանակների կողմից, ինչին հետեւած բողոքի ակցիաների ժամանակ զոհվեցին մարդիկ, հարյուրները հայտնվեցին բանտերում կամ հետապնդվեցին։ Առաջնորդվելով ժողովրդավարական իշխանություններին բնորոշ ոճով՝ Իրանի հոգեւոր իշխանություններն այս անգամ Հասան Ռուհանիի հաղթանակով լուծեցին մի քանի կարեւորագույն հարցեր։ Առաջին հերթին, ապահովեցին երկրի բնակչության մեծամասնության հարգանքը վայելող նախագահի ինստիտուտ, որը կարող էր իր առջեւ դնել լրջագույն ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրներ։ Երկրորդ՝ ձեւավորվեց գործադիր մարմին, որի ղեկավարը խոսում է ոչ միայն արտաքին աշխարհի համար հասկանալի լեզվով, այլեւ օգտվում է այդ աշխարհին հասկանալի գործիքներից, այդ թվում՝ սոցիալական ցանցերից (թեպետ պաշտոնապես հաստատված չէ, որ Իրանի գործող նախագահն օգտվում է սոցիալական ցանցերից, մասնավորապես Twitter–ից, այդուհանդերձ, նրա ոչ պաշտոնական էջը, ըստ որոշ տեղեկությունների, թարմացվում է հենց Հասան Ռուհանիի հրահանգով): Հատկապես վերջին տարիներին Իրանի եւ ԱՄՆ-ի, Եվրամիության, Իսրայելի միջեւ հակասությունների հիմնական աղբյուրն Իսլամական Հանրապետությունում իրականացվող միջուկային ծրագիրն էր, ինչը շատերի կողմից դիտվում էր սպառնալիք արտաքին աշխարհին եւ չէր կարող չմտահոգել վերոնշյալ խաղացողներին, ովքեր լուրջ հակասություններ ունեն (ունեին) նրա հետ։ Պատահական չէր Իրանի՝ միջուկային ծրագիրը զարգացնելու վերջին տարիների ցանկությունը։ Առաջին հերթին, այն հնարավորություն էր տալիս ավելի ապահով զգալ ազգային անվտանգության տեսակետից, քանի որ միջուկային զենքի առկայությունը կամ միջուկային զենք ստանալու սպառնալիքը որոշակի առումով կզսպեր արտաքին խաղացողներին, որոնք պարբերաբար հայտարարում էին Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու մասին։ Բացի այդ, միջուկային կամ կեղտոտ զենք ունենալը կհավասարակշռեր ԱՄՆ-ում, ԵՄ-ում, Իսրայելում նոր տեսակի զենքերի գոյությունը։ Սակայն գործող խիստ պատժամիջոցները, միջուկային եւ ռազմական այլ ոլորտներին ավելի մեծ գումարներ հատկացնելու անհրաժեշտությունը երկիրը տանում էին դեպի տնտեսության սնանկացումը եւ, որպես կանոն, սոցիալական ընդվզման, ինչը չէր կարող չգիտակցել Իրանի իշխանությունը։
Այսպիսով, շատերի համար անսպասելի խաղարկված պարտիայում Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին շախմատային հմուտ քայլով հնարավորություն ստացավ դուրս գալ ակնհայտորեն պարտության տանող իրավիճակից, ավելին՝ բոլոր նախադրյալները ստեղծել այս խաղն առնվազն «ոչ-ոքի» ավարտելու համար։

Իրանում տեղի ունեցած ընտրությունները եւ դրան հաջորդած զարգացումները բավականին դրական արձագանք ստացան աշխարհում եւ հատկապես՝ ԱՄՆ-ում։ Թեպետ զգուշավորությանը, ամերիկյան քաղաքական վերնախավն ավելի հաճախ էր խոսում Իրանի նոր իշխանություններին հնարավորություն տալու անհրաժեշտության մասին։ Արդեն օգոստոսի վերջին, սեպտեմբերի սկզբին ակնհայտ դարձավ, որ Իրանի հետ «հաշտեցման» գործընթացը դրված է լուրջ ռելսերի վրա, ինչի մասին վկայեց իսլամական հեղափոխությունից հետո Իրանի եւ ԱՄՆ-ի նախագահների միջեւ առաջին հեռախոսազանգը։ Եվ թեպետ այդ հեռախոսազանգից հետո Ռուհանիի ուղղությամբ Թեհրանի օդանավակայանում կոշիկներ նետվեցին, ինչն Արեւելքում վիրավորանք հասցնելու լուրջ «գործիք» է, այդուհանդերձ
մեծ գործընթացները վկայում էին այլ բանի մասին:

Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
արեւելագետ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930