Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» լռության հինգ պատճառները. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 27,2013 10:28

Երբ Դոստոեւսկին ասում էր, որ գեղեցկությունը կփրկի աշխարհը, նկատի ուներ հոգու գեղեցկությունը, այլ ոչ թե ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» գեղեցիկ լռությունը հայրենի արեւմտամետների բողոքի ակցիաների կապակցությամբ։
Թեպետ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» լռության արդարացում, իհարկե, կա։ Պատճառներն այստեղ կարող են մի քանիսը լինել։
Նախ՝ խորհրդարանական ընդդիմությունը այս օրերին պատրաստվում է բյուջեի շուրջ վճռական մարտի եւ նախընտրում չշեղվել երկրորդական հարցերի վրա։ Նրանց սպասում է մեծագույն ճակատամարտ, որում անշուշտ կհաղթեն, քանզի պետական գանձարանին վնաս հասցնողներին հայտնաբերելու եւ խստագույն պատժի ենթարկելու գործում մերոնց հետ ի վիճակի է մրցակցել թերեւս միայն Նյուտոնը։
Ոչ բոլորին է հայտնի, որ հանճարեղ ֆիզիկոս եւ մաթեմատիկոս, աստղագետ ու փիլիսոփա, ձախողակ գաղտնի ալքիմիկոս սըր Իսահակ Նյուտոնը դրամանենգների ահ ու սարսափն էր։ Ղեկավարելով Թագավորական դրամահատարանը, նա բացահայտեց եւ մերկացրեց XVII դարավերջի Լոնդոնի հանցաշխարհի ամենավտանգավոր հեղինակությանը՝ Ուիլյամ Չալոներին։ Ավելին՝ հասցրեց գործը տրամաբանական ավարտի, այսինքն՝ դրամանենգի մահապատժին։
Ինչպես «Նյուտոնն ու դրամանենգը» գրքում գրում է Թոմաս Լեւենսոնը. «Ամենավերջում Չալոները արիություն դրսեւորեց։ Նա բարձրացավ կառափնարան։ Այնուհետ քաշելով թասակն աչքերին՝ հնազանդվեց արդարադատության հարվածին։ Նրանք, ովքեր ավելի հարուստ էին, հաճախ վճարում էին դահճին, որպեսզի քաշեր իրենց ոտքերից եւ դրանով մոտեցներ մահը։ Բայց աղքատացած Չալոները չէր կարող թույլ տալ իրեն դա։ Նա դատապարտված էր դանդաղ շնչահեղձ լինել օղակապի մեջ, մինչեւ որ վերջապես անշարժացավ հուրախություն ամբոխի»։
Ի դեպ, Իսահակ Նյուտոնը ներկա չէր Չալոների մահապատժին։ Պարզապես ժամանակ չուներ. հետապնդում էր այլ դրամանենգներին։
Երկրորդ՝ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» լռությունը կարող է բացատրվել ինչ-որ մի անհեթեթություն դուրս տալու եւ ողջ արեւմտամետ ճամբարի դատապարտմանը ենթարկվելու մտավախությամբ։ Նույնիսկ եթե արվել է դա ամենաբարի մտադրություններով։
Աշխարհահռչակ փիլիսոփա Ա.Ա.Զինովեւը իր ստեղծագործության հակախորհրդային ժամանակաշրջանում գրել է բազմաթիվ վեպեր, որոնց թվում էր նաեւ ԽՍՀՄ ԳԱ փիլիսոփայության ինստիտուտի կյանքը այլաբանորեն նկարագրող «Դեղին տունը»։
Այնտեղ պատմվում էր մասնավորապես փիլիսոփա Բարաբանովի ողբերգության մասին, որը ցանկացավ գիտելիքներով փայլել Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության տարեդարձին նվիրված ինստիտուտային հանդիսավոր նիստում։ Նա հիշեց, որ ինչ-որ անգլիացի գրող մի վեպ ունի, որտեղ պատմվում է մարդու եւ նրա դիմանկարի մասին, ըստ որում՝ մեկը ծերանում ու չարանում է, իսկ մյուսը մնում հիասքանչ երիտասարդության շուքի մեջ։
Որպես փիլիսոփա, այսինքն՝ պրոֆեսիոնալ իմաստուն մարդ, Բարաբանովը եզրակացրեց, որ ծերանում է, բնականաբար, մարդը. հո դիմանկարը չի՞ ծերանալու, եւ ազդարարեց նիստի ժամանակ. «Մեր խորհրդային իշխանությունը, ընկերներ, Դորիան Գրեյի դիմանկարի տեսքն ունի»։ Ինչի համար էլ արդարացիորեն հեռացվեց կուսակցությունից եւ դուրս շպրտվեց ինստիտուտից։
Երրորդ՝ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» լռությունը կարող է բացատրվել, այսպես կոչված, «ուշացածի առավելության» ֆենոմենի կիրառման ցանկությամբ։
Օրինակ, Արեւմտյան Եվրոպայից հետ մնալը թույլ տվեց XX դարասկզբին Լենինին, Ռոզա Լյուքսեմբուրգին եւ Տրոցկուն ձեւակերպել սեփական նորարարական գաղափարները՝ արդեն կուտակված արեւմտյան փորձի քննադատական վերլուծության շնորհիվ։ Ուրիշի փորձը պետք էր հաշվի առնել ոչ միայն ուրիշի սխալները չկրկնելու, այլեւ իրադրության յուրօրինակությունը հասկանալու, սեփական գործողությունների ռազմավարությունն ու մարտավարությունը մշակելու համար։
Այնպես որ՝ մեր խորհրդարանական ընդդիմությունը սպասում է մինչեւ կարտահայտվեն մյուսները, որից հետո, քննադատորեն վերլուծելով ուրիշների փորձը, կասի իր ծանրակշիռ խոսքը։
Չորրորդ՝ ունենալով իր կազմում Հրանտ Բագրատյանի, Զարուհի Փոստանջյանի կարգի գործիչներ, միշտ պետք է զգուշանալ պատահական, դիվանագիտական լեզվով ասած, qui pro quo-ից, որոնք կարող են անհարմար վիճակի մեջ դնել արտահայտվող կողմին։
Այսպես, գեներալ դը Գոլը, որի տեսողությունը տարեց հասակում թուլացել էր, իր հոգեւոր աստիճանին համապատասխան փարաջա հագած կոնգոլեզական վարչապետ աբբա Յուլայի ընդունելության ժամանակ նրբակիրթ ձեւով դիմեց վերջինիս. «Մադամ»։
Կամ՝ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի ընթացքում ոչ պակաս նրբակիրթ եգիպտացի դեմոկրատները ողջունում էին ԱՄՆ դիվանագիտական գերատեսչության ղեկավարին «Մոնիկա՜։ Մոնիկա՜» ուրախ գոչյուններով։ Ըստ երեւույթին, հաստատ մտապահած լինելով որ ԱՄՆ նախագահ Քլինթոնը ուներ երկու կին. Մոնիկան եւ Հիլարին, դեմոկրատները մոռացել էին, թե նրանցից հատկապես ո՞րն է ներկայումս ծառայում դիվանագիտական ոլորտում, ինչի հետեւանքով էլ ստացվեց որոշակի faux pas։

Գագիկ Մկրտչյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհի» այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930