Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին վերածում են ռուսակա՞ն, թե՞ ոստիկանական քաղաքի

Նոյեմբեր 26,2013 22:09

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մի քանի նախարարների  ու փոխնախարարների ուղեկցությամբ շրջեց Գյումրու բոլոր վարչական շենքերում`կողմնորոշվելու, թե դատարկ մնացած որ կառույցը ում է  տրամադրելու, իսկ գործող հիմնարկները ինչպես է տեղահանելու, որպեսզի դրանց  շենքերն էլ օգտագործի  այլ նպատակի համար:  Մի կառույցից մյուսը շրջայց կատարող վարչապետի հետևից գյումրեցիները փսփսում էին` «Ահա` եկավ, հիմա էս շենքն էլ ռուսներին կտրամադրի, կպրծնենք»: Գյումրեցիները հատկապես անհանգստացած են  Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի  դատարկ շենքը ռուսներին տրամադրելու լուրերով:

Երբ հերթը հասավ Գյումրու քաղաքապետարանի նախկին շենքին, պարզվեց, որ այստեղ տեղակայված մի քանի  հիմնարկներ ուզում են  տեղահանել, որպեսզի այն տրամադրեն ոստիկանությանը:  Այստեղ գործող որակի  տեսչության հին մասնագետներից մեկը`Ռոբերտ Պողոսյանը,  լրագրողներին դժգոհեց . «Այս կառույցը կառուցել է Մոսկվան,  1989 թվականին երկրաշարժից հետո լրիվ վերականգնեցին,սա հատուկ շենք է, մենք համաձայն չենք, որ սա ոստիկաններին տրամադրվի: Գիտե՞ք` քանի նախարարությունների աշխատակիցներ կան այստեղ: Այս շենքը հատուկ շենք է,  այստեղ լաբորատորիաներ կան, փորձարկումներ ենք կատարում,և կառույցը  դիմանում է  տատանումներին: Մոտավորապես 7 կառույց կա այստեղ` տրանսպորտի տեսչությունը,  անտառտնտեսությունը,  քաղաքաշինության վարչությունը, տեխնիկական գրադարանը… Չգիտենք՝ ո՞ւր են մեզ առաջարկելու,  ուր էլ  տեղափոխեն, մենք բողոքելու ենք: Եթե վերցրեցին,  այս շենքը  դառնալու է ոստիկանության շենք: Մենք համաձայն չենք , մենք պատրիոտ ենք, ո՞նց կարող են այս շենքը տալ էնպիսի կառույցների, որոնք էն չեն, ինչ- որ լաբորատորիաներն են: Այստեղ Շիրակի մարզի բոլոր ստուգումներն ու փորձաքննություններ են անցկացվում` և որակական, և անվտանգության: Հանցագործություն է  այս շենքը տալ ոստիկաններին: Մենք պայքարելու ենք մինչև վերջ»:

Վարչապետը լրագրողների հետ զրույցում  հաստատեց, որ շենք է փնտրվում ոստիկանության համար, պետական սեփականություն հանդիսացող շենք-շինությունները օպտիմալ  են կառավարելու. այն կառույցները, որոնք վարձակալական հիմունքներով են աշխատում, տեղափոխելու են պետական սեփականություն հանդիսացող շենքեր:

«Մենք ունենք 3 մեծ տարածքներ, որոնք հանդիսանում են պետական սեփականություն և պետք է որոշում կայացնենք, թե էդ շենքերը ո՞ւմ է նպատակահարմար հատկացնել, ո՞ր պետական գերատեսչությունը տեղակայել:  Գյումրի քաղաքում տեղակայված ոստիկանությունը էս պահի դրությամբ զբաղեցնում է 4 տարածք և իրենք ցրված են տարբեր կետերում, ընդ որում  մի մասը վարձակալական հիմունքներով,  մյուս մասի տարածքը հարմար չէ: Հիմա գնահատում ենք, թե ավելի նպատակահարմար  տարածքը ոստիկանության համար ո՞րը կարող է լինել, քանի որ մենք ունենք պետական տարածքներ»,- ասաց վարչապետը:

Նշենք, որ օրեր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ Անի թաղամասում տարածք հատկացրեց ոստիկաններին, սա դրվեց ավագանու նիստի քննարկմանը, բացի այդ,  ոստիկանության համար  նոր շենք կառուցվեց Գյումրիում: Երևի սա է պատճառը, որ վարչապետը  դեռ ոտքը Գյումրիից չքաշած`գյումրեցիները  նրա հետևից սկսեցին խոսել. «էս մարդը կպած ուզում է Գյումրին կամ ոստիկանական, կամ ռուսական քաղաք դարձնել»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930