Լրահոս
Օրվա լրահոսը

Տաքսու ոլորտի բարեփոխումներն ուղղված են կամայականությունները բացառելուն

Նոյեմբեր 26,2013 21:36

«Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նոյեմբերի 26-ին մամլո ասուլիս էր նախաձեռնել, որի ընթացքում իր կողմից բարձրացրած 6 հարցադրումներից 5-ը որևէ  առնչություն չունեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության օրենքով վերապահված իրավասությունների հետ:

Այդ հարցադրումները հիմնականում առնչվում էին Երևանում տաքսիների համար նախատեսված կայանատեղիներին, տեսանկարահանող սարքավորումներին, կարմիր գծանշումներով կայանատեղիներին, ԱՊՊԱ ծառայություններին, 2009-2012թթ. անհատ ձեռնարկատեր տաքսու վարորդների կողմից չվճարված հարկերից գոյացած տույժերին,  ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքներին, ինչպես նաև ոլորտի օրենսդրական բարեփոխումներին:

Ընդառաջելով հենց մամլո ասուլիսի ընթացքում Տիգրան Հովհաննիսյանի կողմից հնչեցված հեռախոսային խնդրանքին՝ նախարար Գագիկ Բեգլարյանը պատրաստակամություն հայտնեց ասուլիսից անմիջապես հետո ընդունել և լսել ինչպես խնդիրներ ունեցող տաքսու վարորդներին, այնպես էլ նրանց ուղղորդող ՀԿ նախագահին: Վերջիններս հանդիպմանը ներկայացան շուրջ կես ժամ ուշացումով:

Նախարարն ընդգծեց, որ հավասար դաշտի պայմանները լինելու են բոլորի համար և շատ պարզեցված:

«Եթե օրենք է ընդունվում, բոլորը պարտավոր են առաջնորդվել օրենքով: Համոզված ենք, որ ըստ առաջարկվող օրինագծի՝ բոլոր տաքսի վարորդների համար կլինի հավասար դաշտի պայմաններ»,-նշեց նախարարը:

Ինչ վերաբերում է ՀՀ Ազգային ժողով ներկայացված օրենսդրական բարեփոխումների փաթեթին, ապա, ըստ Գագիկ Բեգլարյանի,  դրանով փորձ է արվել կանոնակարգել ոլորտում խնդիրներ առաջացնող իրավահարաբերությունները, տաքսու վարորդների համար ստեղծել գործունեության հավասար դաշտ և պայմաններ: Ընդ որում, ամբողջ այդ գործընթացն իրականացվել է նախևառաջ տաքսու վարորդների շահերից ելնելով, ինչպես նաև հիմնվելով նրանց առաջարկությունների և կարծիքների վրա:

Ի դեպ, հենց հանդիպման ընթացքում «Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգա  ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ընդունեց, որ իր իսկ կողմից հնչեցված հարցերի  գերակշռող մասը չի առնչվում նախարարության գործունեությանը, և որ ինքը չի դիմել իրավասու կառույցներին տաքսու վարորդների խնդիրները լուծելու համար: Ավելին, նա  խոստովանեց, որ մասնավորապես ավտոկայանատեղիների խնդրով ընդամենը մեկ անգամ են դիմել իրավասու մարմնին, և  խնդիրը լուծում է ստացել: Նա նաև ակնկալեց նախարարի աջակցությունը վարորդներին հուզող խնդիրների լուծման հարցում, ինչին  ի պատասխան՝ նախարարը նշեց, որ վարորդներին սխալ ուղղորդելու փոխարեն անհրաժեշտ է խնդիրները հստակ ներկայացնել պատկան կառույցներին:

Վարորդների շահերի պաշտպանության «Փարոս» ՀԿ նախագահ Արման Գրիգորյանը, անդրադառնալով ոլորտի օրենսդրական բարեփոխումների նախաձեռնությանը, իր ներկայացրած կազմակերպության մասնակիցների անունից շնորհակալություն հայտնեց նախարարին իրենց մտահոգող խնդիրներին համակողմանի անդրադառնալու և դրանց համապատասխան օրենսդրական լուծում տալու նախաձեռնության համար: Նա ևս կարևորեց բոլոր վարորդների համար միևնույն՝  հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը, ինչն էլ վերջ կտա անհիմն շահարկումներին:

Գագիկ Բեգլարյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ բարեփոխումների ընթացքում ցանկացած փոփոխության նախարարությունը գնում է՝ ի նպաստ տաքսու վարորդների, և ամեն ինչ անում է, որպեսզի բացառվեն կամայականությունները, և բոլորը գործունեություն ծավալեն հավասար պայմաններում:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930