Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրից Երեւան եկող ավտոբուսներն անօրինակա՞ն են գործել

Նոյեմբեր 26,2013 21:20

Արմավիրի մարզի Այգեշատ, Տանձուտ, Արգավանդ, Արմավիր եւ Հայկավան գյուղերի երիտասարդները, ինչպես տեղեկացրել էին որոշ լրատվամիջոցներ, այսօր զրկվել են ուսանողական ավտոբուսից եւ չեն կարողացել գալ մայրաքաղաք: Այս համայնքների ուսանողներին սպասարկող միկրոավտոբուսներին արգելվել է գիծ դուրս գալ, քանի որ Ջանֆիդա գյուղից դեպի Երեւան նոր երթուղագիծ է բացվել: Սակայն, բնակիչներն ու հատկապես ուսանողները դժգոհել են, որ նոր երթուղագծով անցնող տրանսպորտը շրջանցում է Այգեշատ, Տանձուտ, Արգավանդ, Արմավիր, Հայկավան համայնքները: Բացի այս, բնակիչները նաեւ դժգոհել են, որ նոր երթուղագծի ուղեվարձն էլ է թանկացել` 400 դրամից դարձել է 500 դրամ:

Հիշեցնենք, որ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մշտապես վստահեցնում է, որ մարզային տրանսպորտի սակագները չեն բարձրացրել:

Aravot.am-ը տրանսպորտի եւ կապի նախարարությունից հետաքրքրվեց, արդյոք նոր մրցո՞ւյթ է անցակացվել, եւ ինչո՞ւ է կասեցվել ուսանողական ավտոբուսների աշխատաքները, այն դեպքում, երբ վարորդները պնդում են, որ մինչեւ տարեվերջ աշխատելու համար պայմանագիր ունեն կնքած «Գալակտիկա» ՍՊԸ-ի հետ:

Այս առնչությամբ նախարարությունից մեզ վստահեցրին, որ Ջանֆիդա համայնքի ղեկավարն է դիմել նախարարությանը, որպեսզի շահագործվի  Երեւան-Ջանֆիդա-Երեւան միկրոավտոբուսային երթուղին, որը նախկինում էլ է շահագործվել, ապա դադարեցվել էր. գիծը սպասարկող ընկերությունն էր հրաժարվել այդ գործից: Ինչպես վստահեցրին նախարարությունից, առայժմ նոր երթուղին սպասարկելու համար մրցույթ չի հայտարարվել. «Մինչ  օրենքով սահմանված կարգով կիրականացվի մրցույթ եւ կընտրվի սպասարկող, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի  համապատասխան հրամանով երթուղին ժամանակավոր սպասարկման է հանձնվել փոխադրող կազմակերպություններից մեկին, որը տվյալ երթուղին սպասարկում է այն նույն սակագնով, ինչը եղել է նախկինում»։ Իսկ նույն սակագինը, ինչպես նշված է նախարարության պատասխանում, ոչ թե 400 դրամ է, այլ` 500: Բանն այն է, որ նախկինում էլ ուղեվարձը 500 դրամ է եղել, եւ չնայած, որ վարորդները հավաստիացրել են, որ պայմանագրով են աշխատել, նախարարությունը վստահեցնում է`ավտոբուսներն անօրինականություն են թույլ տվել եւ կամայական գին են սահմանել. «Նախարարության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Երեւան-Ջանֆիդա-Երևան ուղեգծում ոչ թե ուսանողական, այլ անօրինական գործող 2  միկրոավտոբուս է շահագործվել։ Դրանք ուսանողական երթուղիներ չեն եղել, չեն սպասարկել բացառապես  ուսանողությանը, այլ սպասարկել են բոլորին՝ սահմանելով ուղեվարձի կամայական գներ։ Տրանսպորտային տեսչության կողմից համապատասխան արձանագրություն է կազմվել, որի հիման վրա  այդ տրանսպորտային միջոցների գործունեությունը կասեցվել է։

Նկատի ունենալով ուսանողության սոցիալական վիճակը՝  ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը Երեւան-Ջանֆիդա-Երեւան միկրոավտոբուսային երթուղին ժամանակավոր սպասարկող  կազմակերպության հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, համաձայն որի, ուսանողները հավելյալ գումար չեն վճարի»:

 

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930