Հանդիսատեսը նոստալիգիա էր ուզում, և նրանք ստացան նոստալգիան լեգենդար ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի Թել Ավիվի համերգի ժամանակ: Գրում է «Հաարեց» թերթը նոյեմբերի 23-ին տեղի ունեցած համերգի մասին` Ազնավուրին անվանելով շանսոնի հորեղբայր:
Հրապարակման հեղինակը հիշում է, որ Ազնավուրի տխուր տեսքի պատճառով իրենք երգչին սխալմամբ իրենցից էին համարում՝ հրեա: Նա ավելի էր սրել կասկածները, երբ մի քանի ֆիլմերում հրեայի դերերով էր հանդես եկել, ինչպես նաև «Հրեա մայր» երգի կրքոտ կատարումով: «Նա այնպես էր մոլորեցրել իմ ընտանիքին, որ նվագարկիչի կողքին դրված Ֆրանսիայի հրեա երգիչ Էնրիկո Մակիասի մի կույտ ձայնագրությունների հետ դրված էր նաև նրանը», – գրում է հեղինակը՝ հիշելով, որ Ազնավուրի հեղինակությունն իրենց ընտանիքում ընկավ, երբ պարզեցին, որ նա հայկական արմատներ ունի:
«Բացի սպիտակած մազերից՝ 60-ականների Ազնավուրը ոչնչով չի փոխվել: Երբ նա երիտասարդ էր, նրա ձայնը ծեր էր հնչում, այժմ, երբ ծեր է, ձայնը երիտասարդ է հնչում: Նա իր գործունեության սկզբում, նշել էր իր թերությունները՝ բոյը, ձայնը, ժեստերը և թերի կրթությունը: Ո՞վ կմտածեր, որ այս արգելքներով նա կունենա այսպիսի փառավոր կարիերա, որը արդեն 70 տարի է տևում»: Գրում է հոդվածագիրը՝ նշելով, որ շաբաթ օրը Թել Ավիվի համերգի առանցքային բանն այն էր, որ բոլորը լսում էին նրա երգերի իրենց գլխում եղած ձայնագրությունները, որոնք նախկինում լսել էին հազարավոր անգամ, և նրա ելույթը այս նոստալգիկ սաունդ թրեքի ֆոնն էր դարձել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ