Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ հավատում, որ 85 տարեկան զառամյալ ծերունու տարիք ունեմ». Հովհաննես Չեքիջյան

Նոյեմբեր 26,2013 20:17

IMG_0857 IMG_0888 IMG_0866«Մաեստրոն մի անձնավորություն է, որի մասին կարելի է խոսել տարվա բոլոր 365 օրերին, որովհետև նա իսկապես հայ կենդանի լեգենդ է, որն այսօր մեր մշակութային կյանքում, մեր հասարակական կյանքում  արդեն եզակի է դառնում: Չկա՛ երկրորդ Հովհաննես Չեքիջյան և չի կարող լինել, մեկ հատ լինելը՝ աստծո նվերն է հայ ժողովրդին»,- նոյեմբերի 26-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում խմբավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 85- ամյակին նվիրված ցերեկույթի  ժամանակ հայտարարեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Մանուկ Աբեղյան գրականագիտության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը:

Ավիկ Իսահակյանը իր խոսքում նշեց, որ բազմաթիվ անգամ լսել է Ջ. Վերդիի «Ռեքվիեմը» աշխարհահռչակ երգչախմբերի կատարմամբ, բայց միայն «Կապելլա» երգչախումբի կատարման ժամանակ, երբ Հովհաննես Չեքիջյանը վահանակի մոտ է եղել, չի կարողացել զսպել արցունքները. «Հովհաննես Չեքիջյանը հաղորդում է հեղինակի ողբերգականությունը: «Ռեքվիեմը» երաժշտության ամենաողբերգական տարրերից մեկն է, բայց նա կարողանում է շոշափելի ձևով արտահայտել այդ, որովհետև ինքն իր հերթին ողբերգական ժողովրդի, բառիս բուն իմաստով, Եղեռն տեսած պոլսահայ հին գերդաստանի ներկայացուցիչ է» :

Ինքը՝ Հովհաննես Չեքիջյանը, նոյեմբերի 26-ը համարեց իր կյանքի երջանիկ օրերից մեկը և խոստովանեց, որ իրեն 85 տարեկան չի զգում. «Ես չեմ հավատում, որ 85 տարեկան զառամյալ ծերունու տարիք ունեմ. Ես բնավորությամբ մինչև հիմա էլ երեխա եմ: Շատ-շատերը ինձ բեմից գիտեն և այնպիսի տպավորություն ունեն, որ ինձ հետ խոսել չի լինի, բայց կյանքում ուրիշ մարդ եմ: Բեմում ինչ կատարվում է, հավատացե՛ք, հրաշքի նման մի բան է. չի կարելի բացատրություններ տալ»:

Խմբավարը տարօրինակ է համարում այն փաստը, երբ ինքը մոտենում է երգչախմբին, այն փոխում է իր հնչողությունը. «Իմ ձեռքը, երբ բարձրացնում եմ, այնպիսի երանգներով է երգում երգչախումբը, որ ոչ մի ուրիշ դիրիժորի ձեռքով այդ հնչողությունը չի արտահայտվում, չի ստացվում, չի ծնվում: Ես ունեցա իմ ձեռագիրը, այդ ձեռագիրը չեմ կարող ուրիշին փոխանցել. շատ կան փոխարինողներ, բայց ոչ մեկ չի կարող նույնը լինել»:

Վերջում Հովհաննես Չեքիջյանը ներկաներին հրավիրեց իր ծննդյան օրը՝ դեկտեմբերի 23-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կայանալիք համերգին և օրհնեց  «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը:

Ամի Չիչակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vahan says:

    Դուք օրհնել բայի իմաստն իմանո՞ւմ է։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930