ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, իր վերջին մամլո ասուլիսներից մեկի ժամանակ (նոյեմբերի 17, Աղվերանում կայացած սեմինարի ժամանակ) պատասխանելով «Առավոտ» օրաթերթի հարցին, հղում կատարեց Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտի նպատակային զեկույցին, որը իրականացվել է միջազգային հետազոտողների թիմի կողմից` Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության նախաձեռնությամբ:
Հետազոտություն իրականացնող թիմը գլխավորում էր Կենտրոնական եվրոպական համալսարանի ավագ պրոռեկտոր, Բարձրագույն կրթության օբսերվատորիայի տնօրեն Լիվյու Մաթեյը: Նրա թիմում ընդգրկված էին օբսերվատորիայի հետազոտող և բարձրագույն կրթության ոլորտի փորձագետ տիկին Ջուլիա Իվինսկան և Ֆլորենցիայի Եվրոպական համալսարանական ինստիտուտի ասպիրանտ, Նիդերլանդների Բարձրագույն կրթության կայուն ապագայի հանձնաժողովի անդամ և Նիդերլանդների ու Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպության խորհրդի անդամ պարոն Կուն Գեվենը:
Զեկույցում շեշտվում է, որ 2005 թ.-ից ի վեր, երբ Հայաստանը միացավ Բոլոնիայի գործընթացին, շատ ջանքեր են ներդրվել բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ: Արդյունքում, համակարգում գոյություն ունեն նոր տարրեր, որոնք կարող են նպաստել կարևոր և դրական փոփոխությունների: Զեկույցի հեղինակները նշում են, որ բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների հաջողությունը կարևոր է ոչ միայն բուհերի, այլ նաև Հայաստանի տնտեսության և հասարակության զարգացման համար, քանի որ բարեփոխումների հաջողությունը ներուժ ունի զգալիորեն ազդել նաև տարածաշրջանում և միջազգային ասպարեզում Հայաստանի զբաղեցրած դիրքի վրա: Հայաստանի ապագան զգալի կերպով կախված է երկրի բարձրագույն կրթության ոլորտի ճակատագրից: Սակայն ներկայումս Հայաստանի բարձրագույն կրթությունը չի ընթանում նախանշված իրական բարեփոխումների ճանապարհով` իրականացնելու Բոլոնիայի գործընթացի և ազգային բարեփոխումների նպատակները: Չնայած բազմաթիվ փայլուն գիտնականների, ուսանողների և բարձրագույն կրթության ոլորտի փորձագետների ջանքերին` բարեփոխումները կրել են ձևական, այլ ոչ թե բովանդակային բնույթ: Հակիրճ ամփոփելով, հեղինակները գտնում են, որ Հայաստանում բարձրագույն կրթության համակարգը մտել է մի փակուղի, որտեղ.
– քաղաքական իշխանությունը իրականացնում է չափից ավելի խիստ վերահսկողություն,
Կարդացեք նաև
– չկա բարեփոխումների իրատեսական և հուսալի ծրագիր,
– համատարած իշխում է կոռուպցիան,
– շարունակաբար իջնում են որակի ստանդարտները, և
– առկա է երիտասարդ ու շնորհալի մասնագետների զանգվածային արտագաղթ:
Հասկանում ենք, որ պարոն Աշոտյանի համար դժվար է ընդունել այս եզրակացությունները, սակայն կարծում ենք, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև բարձրագույն կրթության շահագրգիռ այլ կողմերը պետք է ընդունեն նշված խնդիրների գոյությունը, մինչ մենք կսկսենք լուծել դրանք: Ի հակադրություն` զեկույցի հեղինակներին վարկաբեկելու փորձերն ոչնչով չեն օգնի լուծել հայկական բուհերի խնդիրները:
Պարոն Աշոտյանն իր հիշատակման մեջ մերժում է զեկույցի հավաստիությունը` բնորոշելով այն կողմնակալ և ոչ պրոֆեսիոնալ: Նա նաև կարծիք է հայտնում, որ զեկույցը կարող է հավասարապես արտատպվել ԵՄ երկրների 90 տոկոսի համար: Ակնհայտ է, որ նախարարի երկու եզրակացությունները հակասում են միմյանց, սակայն, մենք մեկ այլ պատճառով ենք ցանկանում անդրադառնալ հարցազրույցին, քան թե միայն մատնանշել անհամապատասխանությունը:
Պատճառն այն է, որ նախարար Աշոտյանը իր այս խոսքով վարկաբեկում է մի կողմից հեղինակների մասնագիտական արժանահավատությունը` լավ իմանալով, թե ովքեր են հետազոտողները և, թե որքան ծանրակշիռ են նրանց կողմից արված եզրակացությունները, իսկ մյուս կողմից՝ ԲՀՀ – Հայաստան կազմակերպության գործունեությունը, որը ավելի քան տաս տարվա գործունեության ընթացքում մոտ վեց միլիոն ԱՄՆ դոլարով աջակցել է Հայաստանում կրթության ոլորտին: Այդ աջակցության մեջ առանձին ուղղվածություն է եղել նպաստել բարձրագույն կրթության բնագավառում բարեփոխումների քաղաքականության և կարողությունների զարգացմանը, հետազոտական և կրթական ենթակառուցվածքների և ծրագրային ապահովման ստեղծմանը, բովանդակության ստեղծմանը և տարածմանը, ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական, ինչպես նաև նրանց՝ կրթական և փոխանակման ծրագրերում մասնակցության աջակցմանը (ըստ տարիների մանրամասն տեղեկատվությունը հասանելի է Հիմնադրամի կայքում՝ www.osi.am):
Սակայն, էլ առավել կարևոր է, որ նախարարը իր խոսքում անտեսում է համակարգում սփռված իրական խնդիրները, որոնք որակազրկում են ուսումնառությունը և դասավանդումը, խոչընդոտում են ակադեմիական ազատությունը և, շատ դեպքերում, կոռումպացված շահերի բախման և վերահսկողության կասկածելի մեխանիզմների իրավական դաշտի միջոցով, այն դարձնում անարդյունավետ:
Այս բոլոր խնդիրները վերլուծված են հետազոտողների կողմից և հստակ ներկայացված են զեկույցում: Զեկույցը հասանելի է հետևյալ հղումով՝ www.osi.am, և մենք հուսով ենք, որ մեր ընթերցողները այն ամբողջությամբ կարդալուց հետո կանեն իրենց սեփական դատողությունները:
Հետազոտական թիմի պրոֆեսիոնալիզմը և բարձր ակադեմիական դիրքը, ինչպես նաև թիմի իրական անկախությունը Հիմնադրամից և անշահախնդրությունը Հայաստանի կրթական համակարգի բարեփոխումներից, անկասկած երաշխավորում են հետազոտության որակը և օբյեկտիվությունը: Զարմանալի չէ, որ հետազոտողների կողմից ներկայացված հիմնական խնդիրները և բացասական միտումները հաստատում են Համաշխարհային բանկի կողմից ավելի վաղ ներկայացված զեկույցի բացահայտումները և դժվար թե նորություն են նախարարի համար:
Չնայած Հիմնադրամն է նախաձեռնել զեկույցի պատրաստումը, սակայն հեղինակներն ինքնուրույն են իրականացրել իրենց ուսումնասիրությունը: Ի տարբերություն պարոն Աշոտյանի, մենք հարգում ենք զեկույցում ներկայացված եզրակացությունները, թեև դրանք կարող են տարբերվել մեր նախորդ գնահատականներից: Այս եզրակացությունները հիմնված են փաստերի վրա, և Հայաստանում բարձրագույն կրթության ճակատագրով անկեղծորեն մտահոգվողների համար շատ կարևոր է հաշվի առնել այս եզրակացությունները: Հեղինակները բարձրագույն կրթության ոլորտում գնահատումներ անցկացնելու երկարատև տարիների փորձ ունեն: Նախկինում նրանք զբաղեցրել են ծրագրերի գնահատման տարբեր պաշտոններ Եվրամիության հանձնաժողովում, Եվրոպական համալսարանի ասոցիացիայում, ENQA-ում (Բարձրագույն կրթության ոլորտում որակի ապահովման եվրոպական ասոցիացիա): Ներկայումս նրանցից մեկը Եվրոպական հանձնաժողովում բարձրագույն կրթության ոլորտի փորձագետ է: Բացի այդ, հատուկ այս զեկույցի համար, նրանք խորհրդակցել են եվրոպացի այլ փորձագետների հետ, ովքեր հաստատել են նրանց կողմից մշակված մեթոդաբանության հավաստիությունը:
Տխուր հեգնանքի է նման այն, որ, Հիմնադրամին, որպես հիմնական առաջարկ, հետազոտողները պնդում են քիչ կամ բոլորովին չբարձրաձայնված խնդիրների շուրջ ստեղծել լայն մասնագիտական քննարկման հնարավորություններ և, այսպիսով, ներգրավել մարդկանց, որոնք ոչ միայն հետաքրքրված և ունակ են, այլ նաև պատրաստակամ են աշխատել բնագավառի փոփոխության համար, ստեղծել այսպես կոչված «համախոհների կոալիցիա/ակումբ»: Ինչպես նշում են հետազոտողները, շատ կարևոր է, որ «համախոհները» լինեն փոփոխության ջատագովներ բոլոր շահագրգիռ խմբերից` գիտություն, պրոֆեսորադասախոսական կազմ, ուսանողներ և որոշում կայացնողներ:
Զեկույցի հանրային ներկայացումը և լայն տարածումը դա առաջին փորձն էր լսել բոլոր կարծիքները և սկսել նման քննարկումներ: Ուրախ ենք, որ շատերը արձագանքեցին և պատրաստակամություն հայտնեցին դառնալ «համախոհներ»: Սակայն ցավալի է, որ կրթության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները նախընտրում են անտեսել և խեղաթյուրել վերլուծությունը և զեկույցը: Ակնհայտ է, որ նախարարի ընտրությունը կարող է դա լինել, բայց խնդիրների անտեսումը չի բերի դրանց անհետացմանը:
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան