Այսօր լրագրողները Գյումրի այցելած վարչապետից հետաքրքրվեցին` մի՞թե Գյումրին փակ քաղաք է դառնալու, որին ի պատասխան կառավարության ղեկավարն ասաց. «Գյումրին փակ քաղա՞ք, Գյումրին աշխարհի ամենաբաց քաղաքը եղել է և կմնա, այդպիսի ծրագրեր չկան Գյումրին փակ քաղաք դարձնելու, իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության նախագահի այցելությանը Գյումրի, ապա մենք շատ ուրախ ենք, որ Վլադիմիր Պուտինը ոչ միայն Երևան է այցելելու, այլ նաև Գյումրի:
Եվ 2-րդը` դուք միշտ էլ նկատած կլինեք. երբ որ բարձրաստիճան պաշտոնատար անձիք են այցելում Հայաստան, բնականաբար մենք միջոցառումներ ենք պլանավորում, որպեսզի այդ հանդիպումները բարձր մակարդակով անցնեն, որպեսզի մեր հարաբերությունները ընդլայնվեն և խորանան: Եվ մենք համոզված ենք, որ նման այցելությունները նպաստում են մեր բարեկամական կապերի ընդլայնմանը, և այս այցելությունը հենց այդպիսին կլինի, և դա մեր ժողովրդի շահերից է բխում, համոզված եմ, և նաև գյումրեցիների շահերից, այնպես որ բոլորին ցանկանում եմ լավ տրամադրություն» :
Իսկ դեկտեմբերի 2-ին Գյումրիում անցկացվող հայ-ռուսական տնտեսական ֆորումի մասին վարչապետը տեղեկացրեց, որ ՌԴ-ից տարբեր մարզերի ղեկավարներ են այցելելու: «Հիշում եք, անցած տարի մենք անցկացրեցինք ռեգիոնալ ֆորում, այս տարի նույնպես այդպիսի ֆորում ենք անցկացնելու, որպեսզի Ռուսաստանի մարզերը հնարավորություն ունենան ավելի լավ ծանոթանալու մեր մարզերի կարողությունների հետ և այդ հիմքի վրա մշակեն համատեղ ծրագրեր, ներդրումային ծրագրեր` համատեղ գործունեության ծավալներով` առևտրաշրջանառությունը ավելացնելու, նոր ձեռնարկություններ հիմնելու: էնպես որ սա բացառիկ հնարավորություն է, որպեսզի հայկական բիզնեսը իր կարողությունները ներկայացնի իրենց ռուս գործընկերներին, ցույց տա Հայաստանի ներդրումային գրավչությունը և նոր ներդրումներ գրավի, և մենք պետք է օգտվենք այդ հնարավորությունից»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Իսկ տեխնոպարկը կընդգրկվի՞ ռուսներին ներկայացվող ծրագրերի մեջ, վարչապետը հավաստիացրեց, որ տեխնոպարկը ամբողջությամբ հագեցված է ծրագրերով, և միջազգային կառույցները իրենց հայտերը արդեն ներկայացրել են: Վարչապետի հավաստմամբ, Գյումրու տեխնոպարկի ծրագիրը 2014 թվականին ամբողջությամբ կիրացվի:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ