Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի փոխարեն Րաֆֆի Հովհաննիսյանը լիներ, Վարդան Սեդրակյանը, թե Պարույր Հայրիկյանը` նույն որոշումը կընդուներ

Նոյեմբեր 26,2013 18:46

Այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած բանավեճի թեման վիլնյուսյան գագաթաժողովն էր: Բանավեճին մասնակցում էին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը,  «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը, Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանը:

Ալեքսանդր Իսկանդարյանի ձեւակերպմամբ`Վիլնյուսում լավագույն դեպքում Հայաստանի հետ ստորագրվելու է փաստաթուղթ, որը պարզապես կֆիքսի այն իրավիճակը, որն ունենք այսօր։ Ըստ նրա`«Վիլնյուսում կասվի, որ փորձելու ենք փոխգործակցել այն իրավիճակում, որը ձեւավորվեց սեպտեմբերի 3-ից հետո: Ռուսաստանի կողմից մեզ պարտադրվեց մի որոշում, որը սպառնալիք է մեր երիտասարդ պետականության համար։ Կարեւոր է, որ պատգամը լինի Վիլնյուսից, որ ԵՄ-ն չի դադարեցնում գործընթացը»:

Հովհաննես Սահակյանի խոսքով էլ`«Երբ սոված ես եւ գլուխդ ցավում է, գնում ես դեղատուն, որ դեղ գնես, բայց երբ տեսնում ես այն փակ է, ստիպված գնում ես հաց առնելու… Մենք իհարկե սահման չունենք Մաքսային միության հետ, բայց մենք այս ընտրությունը քսաներկու տարի առաջ ենք կատարել»: Հովհաննես Սահակյանը ավելացրեց, որ համամիտ չէ, որ ասում են, թե Մաքսային միության ընտրությունը միայն քաղաքական է, քանի որ անվտանգության համակարգը ենթադրում է նաեւ տնտեսական աճ: Նա նաեւ հավելեց, թե Եվրոպայից դեռ շատ բան ունենք սովորելու, եւ ինչպես նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` «Եվրոպան մեզ համար ապրելակերպ է»:

Դավիթ Շահնազարյանն էլ ասաց, որ քսաներկու տարի առաջ մեր երկիրը քվեարկել է անկախության օգտին.«Հայաստանը եթե մտավ Մաքսային միություն` լինելու է Հայաստանի հայկական համայնք: Ի տարբերություն Սերժ Սարգսյանի՝ Ուկրաինայի նախագահ Յանուկովիչն իր ժողովրդին ասաց, որ եղել է ճնշում եւ շանտաժ Ռուսաստանի կողմից: Ռուսաստանը մի բան հայտարարեց` մեր անվտանգությունը երբեք այսքան խաթարված չի եղել»:

Խոսրով Հարությունյանի ձեւակերպմամբ էլ` Հայաստանի ձգտումը, որը հայտարարվեց սեպտեմբերի 3-ին՝ շարունակել ԵՄ-ի հետ իր համագործակցությունը, որքանով որ դա չի հակասում Մաքսային միությանը, շարունակվում է.«Վիլնյուսում մենք կտեսնենք այդ մտադրությունը շարունակելու որեւէ դրսեւորում»։

Հովհաննես Սահակյանը ավելացրեց, թե Հայաստանն ու Ուկրաինան համեմատելը ճիշտ չի համարում, քանի որ Ուկրաինան գնում էր ստորագրման, ոչ թե նախաստորագրման, իսկ մենք՝ նախաստորագրման:

Ալեքսանդր Արզումանյանի խոսքով էլ`«Ընդհանրապես չկա որեւէ անկախ  պետություն, խնդիրն այն է, որ աշխարհը ամբողջովին փոխվում է: Մենք՝ որպես խաղացող, կորցնում ենք մանեւրելու հնարավորությունը ու այս առումով էլ` կորցնում մեր ինքնիշխանությունը: Ամոթ չէ ասել, որ ինձ վրա ճնշում գործադրեցին, ինչպես որ արեց Ուկրաինան»,- ասաց նա՝ շեշտելով, որ մենք պետք է գիտակցենք, թե ում հետ ենք համագործակցում ու, դրանից ելնելով ,կասեցնել պրոցեսը, երկարացնել, համ համատեղել: Խնդիրն այն է, որ Հայաստանին նվաստացրել են։ Ուղղակի մեր պարտնյորների վարքն է անընդունելի, որ ասում են՝ կմտնես մի կառույցի մեջ, որին կանչում ենք»:

Դավիթ Շահնազարյանն էլ այն կարծիքին է, որ Հայաստանի այսօրվա խորհրդարանը ի վիճակի չէ պաշտպանել մեր սահմանադրությունը, այնինչ «Ուկրաինայում այսօր սկսվում է Ռուսաստանի ներկայիս կայսրության կազմաքանդման գործընթաց»:

Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի`  սեպտեմբերի 3-ին Մոսկվայում, եթե Սերժ Սարգսյանի փոխարեն նախագահ լիներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Վարդան Սեդրակյանը կամ Պարույր Հայրիկյանը, ապա նույն որոշումը կընդուներ. «Պետք է զենք փնտրենք այնտեղ, որտեղ զենք կա, դեմոկրատիա՝ որտեղ դեմոկրատիա կա»:

Մանվել Սարգսանն էլ հավելեց, որ  Ուկրաինայի համար ստրատեգիական խնդիր էր, եւ ամբողջ հասարակության մեջ այն խնդիրը ազգային գաղափարի պես բան էր դարձել. «Հայաստանում մեզ համար պատվի խնդիր չէր, եւ եթե Հայաստանում էլ գիտակցվի, թե ինչ իրավիճակ է ստեղծվել, այդ որոշման համար մեր ժողովուրդն էլ կպայքարի, եթե հասկանա, որ սրանից է կախված իր ապագան»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930