Սիվիլիթաս հիմնադրամի հրատարակությամբ լույս է տեսել Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008 թթ.) Վարդան Օսկանյանի հուշագրությունների գիրքը, որը վերնագրված է «Անկախության ճանապարհով. փոքր երկրի մեծ մարտահրավերները»:
«Նախարարի պաշտոնում ես պահել եմ օրագիր, որտեղից և այս հատորի համար ընտրել եմ այն դեպքերն ու իրադարձությունները, որոնք համարել եմ կարևոր, շրջադարձային՝ թեկուզ անձնական բնույթի հետաքրքրական մանրամասներով»,- գրքի ներածությունում գրել է Վարդան Օսկանյանը: Արտաքին գործերի նախարարությունում աշխատելու տարիների իրադարձություններից բացի՝ հեղինակը դրվագներ է ներկայացնում իր կենսագրությունից և անցած ճանապարհից:
Գրքի ութ գլուխներում Վարդան Օսկանյանը պատմում է Հայաստանի կոմպլեմենտար արտաքին քաղաքականության մասին, հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ արված քայլերի մասին: Ներկայացնում է Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության հետ Հայաստանի հարաբերությունների պատմությունը և իր անձնական մասնակցությունը այդ ամենում, անդրադառնում Հայաստանի բազմակողմ դիվանագիտությանը: Գլուխ է նվիրված Մերձավոր Արևելքին, որտեղ հեղինակը խոսում է արաբական երկրների և Իսրայելի հետ հարաբերությունների մասին: Գրքում հեղինակը հատուկ ուշադրություն է հատկացնում ղարաբաղյան խնդրին, կարգավորման գործընթացին իր անձնական մասնակցությանը: Լեռնային Ղարաբաղին վերաբերող գլուխը վերնագրված է՝ «Լիսաբոնից Մադրիդ. Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման անհարթ ճանապարհը»: Գրքում ներկայացված են նաև լուսանկարներ Վարդան Օսկանյանի տարբեր տարիների գործունեությունից: Գիրքը բաղկացած է 284 էջից: Այն կվաճառվի գրախանութներում:
«Սիվիլիթաս» հիմնադրամ