Լրահոս
Օրվա լրահոսը

Արկադի Վարդանյան.«Չկա մարմին, չկա հետք»

Նոյեմբեր 26,2013 18:14

Arsen-Avetyan Varujan_Saftalyan

IMG_1946

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր սկսվեց դատական վիճաբանությունների փուլը:

Շահադիտական դրդումներով Ռոբերտ Ավետյանի սպանության նախապատրաստման համար մեղադրվողների ՝ քաղաքագիտության դոկտոր Արկադի Վարդանյանի, դասախոս Արսեն Ավետյանի եւ վարորդ Վարուժան Սավտալյանի դեմ ձեռք բերված ապացույցները դատախազ Արամ Ամիրզադյանը համարեց ապացուցված:

Մեղադրողը պնդեց մեղադրանքն ամբողջությամբ.Արսեն Ավետյանին և Արկադի Արշավիրի Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծրագրել են ապօրինաբար կյանքից զրկել Ռոբերտ Ավետյանին: Նրանք պետք է հանքային ջրի մեջ գցեին հոգեմետ դեղահաբերը: Իսկ Վարուժան Սավտալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրացնելու նպատակով զգալի չափով հոգեմետ նյութ՝ ազալեպտին է ձեռք բերել և տրամադրել Արսեն Ավետյանին, բացի այդ, հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր հանցագործության մասին չի հայտնել:

Ըստ մասնագետների, 600 մգ ազալեպտինը կարող է առաջացնել մահ, կոմա, ջղաձգություն, կոլապս, գիտակցության մարում, քնկոտություն, շնչարգելք:
Մեղադրողն ասաց, որ վարորդը՝ Վարուժանը, ճանապարհի կեսից հետ է կանգնել, օգնել է հանցագործության բացահայտմանը, այդ իսկ պատճառով, մեղադրողը միջնորդեց որ Վ.Սավտալյանի նկատմամբ պայմանական կիրառվի պատիժը՝ 3,5 տարի փորձաշրջան:
Վարուժան Սավտալյանը պարտք է եղել Արսենին 500 000 դրամ եւ նրան «օգնելու» նպատակով է ձեռք բերել այդ հոգեմետ դեղահաբերը, որոնք փոխանցել է Արսենին, իմանալով, որ Արսենը խնդիրներ ունի իր հոր՝ տուժողի Ռոբերտ Ավետյանի հետ՝ իրեն բնակարանից զրկելու հետ կապված:

Մեղադրողը նշեց, որ Արկադի Վարդանյանը ակտիվ մասնակցություն է ունեցել տուժողի սպանության, դեղերի չափաբաժինն ընտրելու հարցում:
Մեջբերելով դատարանում ուսումնասիրված ապացույցները, մասնավորապես, գաղտնալսումները, մեղադրողն ասաց, որ եղել է անգամ Արսենի ու Արկադիի միջեւ խոսակցություն՝ դիակը կամրջից ցած նետելու մասին:

Ու երբ Արսենը հակառակվել է, Արկադի Վարդանյանն ասել է.«Վերջ տանք առանց հետքի: Չկա մարմին, չկա հետք»: Արսենն ասել է, որ 6 ամիս կտեւի անհետացման հետ կապված գործողությունները, իսկ Արկադի Վարդանյանն ասել է.«Որպեսզի մարմինը լինի, կա Հրազդանի կիրճը: Ով է քննարկելու, ում է դա պետք»:

«Արսեն, դու աջ ձեռքով ուզում ես ձախ ականջը քորել»,-շարունակել էր Արկադի Վարդանյանը, ըստ մեղադրողի վկայակոչած ապացույցների:
Երբ խոսակցություն է գնացել դեղահաբերի մասին, Արկադի Վարդանյանն ասել էր.«Նա ով տվել է դեղահաբը, նա քեզ մատնելու է:Դա պետք է միջնորդավորված ձեւով անեիր, Արսեն: Միլիոն հատ ծանոթ բժիշկ ունենք», ու առաջարկել է նաեւ թեյի կամ սուրճի մեջ դեղը գցելու տարբերակն անգամ: Մեկ այլ գաղտնալսման զրույցից էլ պարզ դարձավ, որ Արկադի Վարդանյանն առաջարկել է Կիրովական կամ Դիլիջան տանել տուժողին.«Այնտեղ գետ կա, հոսում է»:Ըստ մեղադրողի, Արսենին Արկադի Վարդանյանը վերապահել էր «ներընտանեկան վիրտուալ թրիլլերի սյուժե», իսկ իրեն՝ ամենից փորձվածի դեր:

Մեղադրողի ճառի ժամանակ մի պահ թվում էր, թե վատացավ տուժողի ինքնազգացողությունը, կարգադրիչներն անգամ ջուր առաջարկեցին: Սակայն տուժողը վատացել էր մեղադրողի ճառից, որն իր «մոլորյալ» որդու համար պահանջեց 11 տարվա, իսկ Արկադի Վարդանյանի համար 10 տարվա ազատազրկում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930