Նոյեմբերի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ կայացավ Գրիգոր Ջանշյանի՝ ավելի քան մեկ դար անց վերահրատարակված «Եղբայրական օգնություն հայերին» ժողովածուի շնորհանդեսը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց Գրիգոր Ջանշյանի` ժամանակին Ռուսաստանի լայն հասարակությանը և կառավարական շրջաններին Հայաստանում այդ օրերին 1894-1896թթ. կատարվող իրադարձությունների մասին ճշմարտությունը ներկայացնելու, ինչպես նաև գիտնական այրերի գրչով հայ ժողովրդի անցած դարավոր ուղին լուսաբանելու, հայ ժողովրդի ստեղծած մշակութային անկրկնելի արժեքները վեր հանելու և հայորդիների կողմից համաշխարհային քաղաքակրթությանը մատուցած ծառայությունները ներկայացնելու ջանքերը:
«Եղբայրական օգնություն հայերին» ժողովածուն առաջին անգամ լույս է տեսել 1898-ին Մոսկվայում, որը ժամանակակիցները բնութագրել են որպես «Գիրք-սիմֆոնիա», «Գիրք-հանրագիտարան», «Մատյան արյան և արցունքի»: Գրքի ստեղծման բուն շարժառիթը 19-րդ դարավերջին Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածներն էին, որոնց հետևանքով հազարավոր հայ երեխաներ, կանայք և ծերեր ոչնչացվել էին, իսկ փրկվածներն էլ հայտնվել էին սովի և մահվան ճիրաններում:
Կարդացեք նաև
«Ջանշյանն այս ժողովածուով ռուս հասարակությանը ոչ միայն ներկայացրել է հայերի հետ տարվող դաժան քաղաքականության ողջ ճշմարտությունը, այլև գրքի վաճառքից ստացված ողջ հասույթը` 60.000 ռուբլի` Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատան միջոցով տրամադրել է Կ. Պոլսի հայոց պատրիարք Մաղաքիա Օրմանյանին` որբանոցներ բացելու համար, որի արդյունքում բացվել է 12 որբանոց, և Ջանշյանին տվել են «Որբերի հայր» պատվատիտղոսը», – ընդգծեց նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Շնորհակալ ենք պարոն Ալբերտ Իսոյանին և Արամ Կարապետյանին, ովքեր, մաքրելով դարերի կարծրացած փոշին, կարողացան հավուր պատշաճի ուսումնասիրել և 115-ամյա դադարից հետո վերահրատարակել մեծ հայի այս աշխատությունը», – իր խոսքը եզրափակեց ՀՀ սփյուռքի նախարարը:
«Հայագիտակ» հրատարակչության հիմնադիր տնօրեն Ալբերտ Իսոյանը ներկայացրեց Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Գրիգոր Ջանշյանի գրքի լուսապատճենման տարբերակով ճշգրիտ վերականգնելու և երկրորդ անգամ վերահրատարակվելու պատմությունը:
«Գրիգոր Ջանշյան» հեղինակի, մարդու, գործչի և նրա «Եղբայրական օգնություն հայերին» աշխատության մասին ելույթով հանդես եկավ գրքի նախաբանի հեղինակ, Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը` նշելով, որ Ջանշյանի նյութն ուղեկցվում է հայի և հայկականի մասին բծախնդրորեն ընտրած պատկերներով և լուսանկարներով, որոնք վերաբերում են Արևելյան և Արևմտյան Հայաստաններին, հայկական գաղթավայրերին: Ժողովածուին մեծ շուք է հաղորդում նաև այն հանգամանքը, որ նրա ստեղծմանը մասնակցել են ժամանակի մեծահամբավ հայ նկարիչները. Հովհաննես Այվազովսկին գրքում զետեղելու համար Նիցցայից հրատարակչին ուղարկել է չորս բնագիր նկար:
Ժողովածուի մասին կարծիք հայտնեցին Ա.Գևորգյանը, Ա.Բլեյանը, Ա.Հակոբյանը և այլք, որոնք բոլորն էլ շատ բարձր գնահատեցին այն:
ՀՀ սփյուռքի նախարարություն