Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը` Գյումրու մի քանի կառույցներ ռուսներին տրամադրելու խոսակցությունների մասին (ֆոտոշարք)

Նոյեմբեր 26,2013 17:52

V_04 V_03 V_02 V_05Այսօր կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը մի քանի նախարարների ու փոխնախարարների ուղեկցությամբ առավոտից Շիրակի մարզում էր:
Նա Պեմզաշեն համայնքի մանկապարտեզի վերակառուցված շենքի բացման արարողությանը մասնակցելուց հետո շրջեց Գյումրու մի քանի վարչական շենքերում, եղավ տեխնոպարկում, Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի արդեն դատարկված շենքում, ինչպես նաև Սամարիթեր հիվանդանոցում, քաղաքապետարանի նախկին շենքում, վիճակագրական վարչությունում, որտեղ, ի դեպ, իր զարմանքը հայտնեց շենքի ողորմելի վիճակի կապակցությամբ: Վարչապետը չմոռացավ այցելել նաև ռուսական գրքերի տուն ու նկարվել մանուկների հետ, իսկ վերջում մասնակցեց «Հոկտեմբեր» կինոթատրոնում կազմակերպված ճաշի փառատոնին:

Ամեն տեղ վարչապետը չափ ու ձև էր անում, երկար փակ խորհրդակցություններ անցկացնում` ավելի լարելով տեղի լրագրողների հետաքրքրությունը, թե տեսնես այս մի շենքը ո՞ւմ են հանձնելու:

Նշենք, որ մի քանի օր է` Գյումրիում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի դատարկ շենքը, ինչպես նաև Գյումրու մանկավարժական ինստիտուտի հին շենքը, որտեղ տեղակայված է տեխնոպարկը, պատրաստվում են հանձնել ռուսական ռազմաբազային, և այս մտադրությունը գալիս է վավերացնելու Վլադիմիր Պուտինը:

Ու քանի որ այս մասին ամբողջ Գյումրին է խոսում `սկսած դպրոցականներից մինչև ամենատարեց մարդը, լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է այցելում Գյումրու բոլոր վարչական շենքերը, մի՞թե տարածք է ման գալիս ռուսների համար:
Վարչապետի պարզաբանմամբ, շրջելով բոլոր շենքերը`փորձում են պետական ծառայությունները ռացիոնալ տեղաբաշխել քաղաքում. «Որպեսզի պետական ծառայությունները հասանելի լինեն մեր քաղաքացիներին և հարմարավետ, պետք է լուծումներ գտնենք: Հիմա նայում ենք բոլոր տարածքները և էնպես պետք է դասավորենք, որպեսզի տարբեր պետական գերատեսչություններ հարմարավետ կարողանան տեղակայվել առաջին հերթին և կարողանանք քաղաքացիներին մատչելի ծառայություններ մատուցել»:

Իսկ թե ռուսական կողմին ի՞նչ տարածքներ են հատկացնելու Գյումրիում, վարչապետն ասաց. «Ձեզանից առաջին անգամն եմ լսում»: Նշենք, որ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, այս նույն հարցին պատասխանելով, ասաց. «Այդ հարցը դեռեւս ժամանակավրեպ է: ՌԴ նախագահը կգա, համապատասխան փաստաթղթերը կկազմեն եւ կհրապարակենք»:

Նկատենք, որ վարչապետի` Գյումրու քաղաքապետարանի նախկին շենք կամ ինչպես ասում են գյումրեցիները՝ «Չափ ու կշեռքի» շենք այցելելուց առաջ այստեղի աշխատակիցները բողոք ներկայացրեցին լրագրողներին`ասելով, որ այստեղ գործող մի քանի կառույցներ, այդ թվում և լաբորատորիաներ, փորձում են տեղահանել` շենքը ոստիկանությունը տրամադրելու նպատակով: Այս մասին քիչ անց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930