«Ազատություն». Նոյեմբերին 28-29-ը Վիլնյուսում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովին Հայաստանը մասնակցելու է նախագահ Սերժ Սարգսյանի մակարդակով: Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի այսօր տարածած մամուլի հաղորդագրությունում: «Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովը տեղի կունենա Լիտվայում, Վիլնյուսում նոյեմբերի 28-29-ը: Այն կմեկտեղի Եվրամիության անդամ 28 երկրների կամ այդ երկրների կառավարությունների ղեկավարներին՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ղեկավարների հետ միասին: Գագաթնաժողովը կնախագահի Եվրոպական խորհրդի նախագահը՝ Հերման վան Ռոմպոյը, ով Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ միասին կներկայացնի Եվրոպական միությունը: Գագաթնաժողովը կհյուրընկալի Լիտվայի Հանրապետության նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն: Վեց գործընկեր երկրները ներկայացված կլինեն՝ Հայաստանը՝ նախագահ Սերժ Սարգսյանի մակարդակով, Ադրբեջանը՝ նախագահ Իլհամ Ալիևի մակարդակով, Վրաստանը՝ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի մակարդակով, Ուկրաինան՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչի մակարդակով, Մոլդովան՝ վարչապետ Յուրի Լյանկեյի մակարդակով, Բելառուսը՝ արտգործնախարար Վլադիմիր Մակեյի մակարդակով: Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ և Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը, Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և առևտրի հարցերով հանձնակատար Կարել դե Գուխտը նույնպես կմասնակցեն գագաթնաժողովին», – ասված է հաղորդագրությունում:
«Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան՝ Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը ասաց միայն, որ նախագահի այցերի մասին իրենք տեղեկացնում են պատշաճ կարգով և ժամկետներում:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: