Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ը ՀՀ բյուջեի հաշվին Գյումրիում զո՞րք է պահում (Տեսանյութ)

Նոյեմբեր 26,2013 17:21

«Որևէ մեկը` ոչ ՀՀ-ից, ոչ ՌԴ-ից, հանրությանը չի ներկայացրել, թե ի՞նչ հիմնավորմամբ են շուրջ 3000 ռուս զինծառայողներ ավելացել»,-Aravot.am-ի հարցին` ռուսական 102-րդ ռազմաբազայի ընդլայնման հետ կապված վտանգներ տեսնո՞ւմ է, այսպես պատասխանեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նա նկատեց. «ՀՀ քաղաքացու բնակարանային, բազմաթիվ այլ հարցեր կան, որոնց վերաբերյալ նա պատասխան չունի: Ոչ պաշտպանության, ոչ ԱԳ նախարարը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ ԱԺ-ն այդ հարցերին չեն պատասխանել: Դրա համար պետք է սահմանվեն ոչ միայն գործառույթները, այլև իրականացվի պատշաճ մոնիթորինգ»:

Հիշեցնենք, որ Գյումրու ռուսական Պետուշոկ կամ, որ նույնն է՝ 8-րդ թաղամասի (գյումրեցիներն ասում են`Վոսմոյ գարադոկ) բնակիչներն իրենց բնակարաններն անհապաղ, 10-օրյա ժամկետում ազատելու գրություն էին ստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի պատասխանատուներից:
Այս առիթով պարոն Սաքունցն ասաց. «ՀՀ քաղաքացիներին այդ բնակարաններում էին տեղակայել, երբ ռազմաբազայի կրճատումներ էին, այդ հիմա ի՞նչ փոխվեց, որ նորից ավելացնում են»:

Պարոն Սաքունցը նշեց, որ ռուսական զորքերը ֆինանսավորվում են ՀՀ բյուջեից, և ռազմաբազայի ընդլայնման հետ կապված դժգոհությունները պատճառաբանեց մի քանի օբյեկտիվ գործոններով. «Ռուսական բազան իբր պիտի ապահովի ՀՀ և Թուրքիայի սահմանն ու անվտանգությունը, բայց մենք ունենք երկու փաստ, երբ այդ անվտանգությունը չի ապահովվել. սահմանամերձ գյուղերից մեկում մոտ 55 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների գողանալը և Թուրքիայի տարածք տեղափոխելը, ռուսական բազայի տարածքում անչափահաս երեխաների մահանալը և այլն: Սա վկայում է այն մասին, որ ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ մոնիթորինգ չի իրականացվում ռուսական բազայի գործունեության նկատմամբ: Ռուսական բազայում աշխատող ՀՀ քաղաքացիների նկատմամբ աշխատանքային իրավունքների կոպիտ խախտումը և այլն: Այս պարագայում դժվար է հասկանալ, թե որ դատարան դիմեն` ռուսական բազայի տարածքում գործո՞ղ, թե՞ ՀՀ դատարաններ»:

Արթուր Սաքունցը վերոնշյալից միայն բացասական հետևություններ է արել. «Այն գործողությունները, որ կատարվում են ռուսական բազայի հետ կապված, ՀՀ քաղաքացիների համար հասկանալի, հրապարակային և թափանցիկ չեն: Ինձ համար հետևությունն այն է, որ այդ 3000 հոգին բերվում են ոչ թե ռուսական բազայի գործառույթներն ավելի արդյունավետ կերպով կատարելագործելու համար, այլ ՀԱՊԿ-ի շրջանակներում ներքաղաքական առկայության դեպքերում ՀԱՊԿ-ի զորքերի օգտագործման հնարավորության մասին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930