Լրահոս
Օրվա լրահոսը

Լեզվաբան. «Մաքսային միություն ենք ուզում մտնել, բայց ռուսերեն չգիտենք»

Նոյեմբեր 26,2013 17:01

Լեզվի պետական տեսչության նախկին պետ, լեզվաբան Լավրենտի Միրզոյանը մտավախություն ունի, որ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում ռուսերենը Հայաստանում կդառնա երկրորդ պետական լեզու. «Երեկ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով այդ հարցին, ասաց, որ նման բան հնարավոր չէ: Բայց 2009թ. մեր ռադիոընկերություններից մեկի տնօրենը ռուսական կենտրոնական լրատվամիջոցներից մեկում հայտարարեց, որ ՀՀ նախագահը ընդունել է հրամանագիր, որով ռուսերենը հռչակվել է ՀՀ երկրորդ պետական լեզու: Աշխարհի տարբեր ծայրերից ահազանգում էին Լեզվի պետական տեսչություն, թե այս ինչ է կատարվում: Երբ որ ես ցանկացա պարզաբանում տալ, թույլ չտվեցին: Այսինքն՝ այդ մտավախությունը կա: Կա նաև «Եվրոպական ազգային փոքրամասնությունների լեզուների մասին» համաձայնագիր, կոնվենցիա, որտեղ հստակ ամրագրված է, որ ՀՀ-ի հինգ ազգային փոքրամասնությունների լեզուներին պետք է տրվի հատուկ կարգավիճակ: Սա նշանակում է, որ եթե որևէ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ դիմում է որևէ պետական մարմնի, պետք է անպայմանորեն ապահովվի թարգմանիչով: Ես ասում եմ՝ հնարավոր չէ, որ միատարր բնակչություն ունեցող ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների լեզվին տրվի հատուկ կարգավիճակ: Այդ ինչպե՞ս է, որ ՌԴ-ում ապրող երկուս ու կես միլիոն հայերի լեզվին չի տրվում հատուկ կարգավիճակ: Հիմա մենք, ի՞նչ է, շա՞տ ինտերնացիոնալիստ ենք, փորձում ենք տա՞լ: Բայց ես, միևնույն է, մտավախություն ունեմ, որ կգա ժամանակ, երբ ռուսերենը կլինի պետական կարգավիճակով լեզու մեր հանրապետությունում»,- կարծում է Լ. Միրզոյանը:

Լեզվաբանն անդրադարձավ նաև Հայաստանում ռուսերենի իմացության մակարդակին: Նա գտնում է, որ վերջին քսան տարվա ընթացքում ռուսերենի նկատմամբ ուշադրությունը նվազել է, և այսօրվա սերունդը հստակ չի տիրապետում ռուսերենին: «Մաքսային միություն ենք ուզում մտնել, բայց ռուսերեն չգիտենք: Ես կարծում եմ, որ ոչ միայն ռուսերենի, այլև մյուս օտար լեզուների ուսուցումը մեզանում պետք է բարելավվի, քանի որ առանց օտար լեզվի մեր երիտասարդությունն առաջընթաց չի ունենա: Մեր երկիրը պետք է ունենա լեզվական քաղաքականության պետական ծրագիր, որով հստակ կբարելավվի օտար լեզուների ուսուցումը, բայց ոչ մայրենի լեզվի հաշվին»,- շեշտեց Լ. Միրզոյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930