«ՀԵՀ-ի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթ» ծրագրի շրջանակներում «Կրթությունն առանց սահմանի» ՀԿ-ն և Երևանի Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցը նոյեմբերի 26-ին իրականացրին հակածխախոտային ծրագիր:
Ավագ դպրոցի աշակերտները պատրաստել էին տեղեկատվական դասընթաց ծխախոտի վնասակար ազդեցության մասին: Այնուհետև տեղի ունեցավ նախապես հայտարարված մրցույթում լավագույնը ճանաչված` ծխախոտի բացասական ազդեցությունը պատկերող աշխատանքների ցուցադրություն:
Թիվ 182 դպրոցի փոխտնօրեն Կարինե Մելքումյանն ասաց, որ այդ աշխատանքները կտեղադրվեն «Կրթությունն առանց սահմանի» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում, և էլեկտրոնային քվեարկության արդյունքում կորոշվի լավագույնը: Այնուհետև անդրադարձավ աշակերտների` նման թեմաների նկատմամբ հետաքրքրությանը. «Աշակերտները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այսպիսի միջոցառումներում: Նյութերն իրենք ինքնուրույն են պատրաստել: Նույնիսկ այս ծրագրում ընդգրկել ենք այն աշակերտներին, որոնք ծխում են: Բացի այդ, այսպիսի նախաձեռնություններում երեխաներն օգտագործում են իրենց համակարգչային հմտությունները, ինչը ոգևորում է նրանց»:
Թիվ 29 դպրոցի աշակերտուհի Վալերիա Հարությունյանը պատմեց իր ներկայացրած աշխատանքի մասին. «Նկարում պատկերել եմ դանդաղ մահը, դրա համար էլ օգտագործել եմ սև գույնը, որը խորհրդանշում է ծուխը: Պատկերում երիտասարդ տղա է, քանի որ շատերն ավագ դպրոցում են սկսում ծխել: Իսկ կրակայրիչը ևս խորհրդանշական է, որը երիտասարդին ուղեկցում է դեպի մահ: Իմ կարծիքով` ծխելը բացասական երևույթ է, և պետք է ունենալ կամքի ուժ, որպեսզի թողնես այդ բացասական սովորությունը: Օրինակ` մեր դասարանում 2-3 երեխաներ ծխում են»:
Կարդացեք նաև
Տեղեկացնենք, որ ՀՀ նախագահի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում նման միջոցառումներ կազմակերպվում են Երևանի և ՀՀ մարզերի այլ հանրակրթական դպրոցներում:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն