Ինչպե՞ս է ՀՀ-ն համատեղում անդամությունը ՀԱՊԿ-ին եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության սերտացումը եւ ինչպե՞ս է դա շարունակվելու, հատկապես սեպտեմբերի երեքից հետո: Այսօր այս հարցը «ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններ. ՆԱՏՕ-ն, որպես պաշտպանության ժամանակակից մոդել» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ԱԳՆ-ն ներկայացնող ՆԱՏՕ-ի բաժնի պետ Գագիկ Հովհաննիսյանին ուղղեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Գագիկ Հովհաննիսյանը հարցին հստակ չպատասխանեց, պատմեց ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության մասին, ասաց որ արդյունավետ համատեղվել է մինչ այժմ անվտանգության երկու համակարգերի հետ համագործակցությունը, եւ այսուհետ էլ խնդիր չկա: Ապագա պլանների մասին էլ ասաց, որ իր անվտանգության համակարգի երաշխավոր Հայաստանն ընտրել է ՀԱՊԿ-ը, իսկ ՆԱՏՕ-ի հետ շարունակվելու է «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:
«ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունը ուղղված է մեր ազգային անվտանգությանը: Միևնույն ժամանակ մեկ փոքրիկ նկատառում անեմ. Սովորաբար մենք ՆԱՏՕ-ի մասին, որ խոսում ենք, հասկանում ենք մեկ միասնական կառույց, բայց չպետք է մոռանանք, որ ՆԱՏՕ-ն 28 երկրներից բաղկացած մի կառույց է, որտեղ որոշումներն ընդունվում են կոնսեսուսի միջոցով: Այնտեղ յուրաքանչյուր պետություն ունի իր շահն ու խնդիրները», -ասաց ՀՀ ԱԳՆ պաշտոնյան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ