Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կկարողանա՞ Հայաստանը շարունակել ինքնուրույն քաղաքականությունը

Նոյեմբեր 26,2013 16:41

«Եվրասիական միությունը, որի համահիմնադիր պետք է դառնա Հայաստանն արդեն մեկ տարի հետո, իմ ընկալմամբ, արդեն քաղաքական մարմին է, որտեղ պետք է անդամ երկրները կարողանան մշակել միասնական արտաքին քաղաքականություն: Քանի դեռ խնդիր չկա ՌԴ-ԱՄՆ, ՌԴ-ՆԱՏՕ հարաբերություններում, որեւէ խնդիր Հայաստանը թերեւս չի ունենա, բայց ոչ ոք երաշխավորված չէ, որ փոփոխվող այս աշխարհում եւ իրականության մեջ, չեն սրվի ԱՄՆ-ՌԴ եւ ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունները, հատկապես, եթե հաշվի առնենք, որ առաջիկայում կլինեն ԱՄՆ-ի նախագահի ընտրություններ ու կարող է իշխանության գան Հանրապետականները, որն արդեն կբերի հարաբերությունների որոշակի սրացման: Այդ դեպքում դուք մտահոգված չե՞ք, որ Հայաստանն այլեւս չի կարողանալու ինքնուրույն որոշել` անհատական գործողությունների ծրագիրը իրականացնե՞լ, թե սպասարկել ՌԴ-ի կողմից թելադրվող արտաքին քաղաքական այն ուղղությունը, որ պետք է մենք էլ ձայնակցենք հակաամերիկյան եւ հականատօական ամբողջ խոռին»,- այս հարց-դիտարկումն այսօր հնչեցրեց Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը`«ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններ. ՆԱՏՕ-ն, որպես պաշտպանության ժամանակակից մոդել» թեմայով քննարկման ժամանակ: 

Պարոն Ղազինյանը, անդրադառնալով բանախոսների հնչեցրած այն տեսակետներին, որ Հայաստանը, գտնվելով անվտանգության մի համակարգում`ՀԱՊԿ-ում, կարողանում է արդյունավետ համագործակցել անվտանգության մեկ այլ համակարգի`ՆԱՏՕ-ի հետ, ասաց, որ դա գովելի է: Նա կարծում է, որ սա խոսում է այն մասին, որ Հայաստանն ունի քաղաքական իշխանություն, որը ինքնուրույն քաղաքականություն է կարողանում տանել:
Արթուր Ղազինյանի դիտարկումներին արձագանքեց ԱԺ պատգամավոր, ՆԱՏՕ-ի խորհրդարանական պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը` նկատելով, որ այն քաղաքական համագործակցության մակարդակը, որն ունի ՌԴ-ն ՆԱՏՕ-ի հետ, նույնիսկ Վրաստանը եւ Ուկրաինան միասին կերազեին ունենալ: Նա ՌԴ-ՆԱՏՕ քաղաքական փորձը`քննարկումների, քաղաքական որոշումներ կայացնելու եւ այլ համատեքստերում, բավական բարձր է համարում ու այս իմաստով, եթե համագործակցությունը շարունակվի, Թեւան Պողոսյանը Հայաստանի համար մեծ խնդիրներ չի տեսնում:

«Այլ պարագայում, Եվրասիական միության հետ կապված, չմոռանանք, որ անվտանգության հարցերի շուրջ շահերը միշտ շատ ավելի գերակշռող են ցանկացած որոշում կայացնելիս: Թե ի՞նչ անվտանգության մարտահրավերներ են լինելու նույն ՆԱՏՕ-ի հանդեպ, երկու տարի հետո, եւ որոնք շատ ժամանակ հնարավոր է չտարբերվեն ՌԴ-ի անվտանգության նկատմամբ մարտահրավերներից, կլինեն դրանք իսլամիստական, վահաբիստական տեռորի հետ կապված, իսկապես, այստեղ կա վտանգ ու այդտեղ, քաղաքական խնդիրներից ելնելով, կարող են առճակատումներ լինել»,-ասաց բանախոսը` հավելելով, որ Հայաստանը պետք է կարողանա ճկուն քաղաքականություն վարել՝ առավել ընդգրկուն համագործակցության եզրեր պահելով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930