Այսօր Ազատության հրապարակից դեպի Բաղրամյան 26` նախագահական նստավայրի ճանապարհին ցույցի մասնակից ազատամարտիկ կանանցից մեկը դիմեց իր հետեւից եկող Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին.
«Դուք ինձ կմոտենաք` էնտեղ, վերեւում: Ես ձեզ հարգում էի, դուք իմ սիմպատիան էիք, բայց դարձաք իմ թշնամին»,- պարոն Օսիպյանին խոստովանեց ազատամարտիկ կինը: Պարոն Օսիպյանն էլ հետաքրքրվեց` ինչու է կինն իրենից հիասթափվել եւ առաջարկեց իր օգնությունը` պահել կնոջ ձեռքի բարձրախոսը: Կինը հրաժարվեց օգնությունից ու ասաց, որ նա արդեն ատելություն է իր մեջ առաջացնում. «Նոյեմբերի 5-ի համար: Արդեն ատելություն առաջացրիք»:
Ողջ ճանապարհին նրանք զրուցեցին կողք կողքի, պարոն Օսիպյանն ասաց` պատրաստ է անգամ նրա հետ նստել, զրուցել. «Ես ձեզ կբացատրեմ ամեն ինչ»: Կինն էլ ասաց, որ ինքն էլ շատ բան ունի բացատրելու. «Ձեզ կբացատրեմ` որն է ձեր սխալը»:
«Սիրո խոստովանության» կուլմինացիան ցույցի ավարտին էր, երբ ցուցարար մի խումբ կանայք պարոն Օսիպյանի հետ գրեթե վիճում էին, իսկ Օսիպյանը նրանց կոռեկտության կոչեր էր անում:
Կարդացեք նաև
Պարոն Օսիպյանին համակրած կինը մոտեցավ նրան, թեւանցուկ արեց ու մի կողմ տարավ` խոստովանելով. «Առանց ձեզ չեմ կարողանում կանգնել: Ասեմ` իմանաք: Հազար եմ ասել, դուք իմ կողքից այն կողմ մի գնացեք, մնացեք իմ կողքին»:
Պարոն Օսիպյանը հակադարձեց. «Որ խայթե՞ք ինձ»: Տիկինն էլ պատասխանեց. «Էլ չեմ խայթի: Սիրելու տեղ լիներ, կսիրեի, բայց այստեղ սիրելու տեղ չէ»:
Պարոն Օսիպյանն էլ ժպտաց ու շնորհակալություն հայտնեց:
Մանրամասները տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ