Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարո’ն Բեգլարյան, եթե մեզ չես կարողանալու օգնես՝ արի միասին ցույց անենք» (Տեսանյութ)

Նոյեմբեր 26,2013 15:26

Գագիկ Բեգլարյանն այսօր ժամը երեքին կհանդիպի անհատ տաքսու վարորդներին: 

Այսօր անհատ տաքսիստները կրկին ասուլիս էին հրավիրել բարձրաձայնելու այն մի քանի պահանջների մասին, որոնք օրերս ներկայացրել են տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպման ժամանակ:

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը եւ մի քանի տաքսու վարորդներ «Նոյյան տապան» մամուլի սրահում հայտարարեցին, որ Գագիկ Բեգլարյանն ասել է, որ վարորդների ներկայացրած եւ ոչ մի պահանջ իր գերատեսչության լիազորությունների մեջ չի մտնում, ուստի ինքը չի կարող այդ հարցերին լուծում տալ:
«Պարո’ն Բեգլարյան, եթե մեզ չես կարողանալու օգնես, արի միասին ցույց անենք, մեր կողքը կանգնի»,-ասաց Տիգրան Հովհաննիսյանը՝ թվարկելով վարորդների պահանջները: Ըստ նրա, անհատ տաքսիստները դեմ են կրկին սպիտակ համարանիշերին անցնելուն, քանի որ, ինչպես վարորդներից մեկը՝ Սարգիս Մաճկալյանն ասաց, «յոթ հարյուր դոլար փող եմ ծախսել այդ դեղին համարանիշերի համար, համ էլ մարդիկ արդեն սովորել են»: Տաքսիստների խոսքերով, «թող լինեն ե՛ւ դեղին ե՛ւ սպիտակ համարանիշերը, եւ ով որը ցանկանա՝ կրի իր մեքենայի վրա»:
Անհատ տաքսու վարորդների մյուս պահանջն այն է, որ կանգառներին հարակից տաքսիների կայանման համար տեղ հատկացվի, որպեսզի ուղեւոր վերցնելիս եւ իջեցնելիս այդ մեկ-երկու րոպեի համար չտուգանվեն:

Կարմիր գծանշաններով կայանատեղիում էլ 30 րոպե կայանելու տեղ են խնդրում, քանի որ իրենք ոչ թե սովորական ավտոմեքենա են, այլ ծառայություն են մատուցում՝ երբեմն ստիպված լինելով հինգ րոպեից անվճար սպասել:
Տիգրան Հովհաննիսյանին անհանգստացնում էր նաեւ մարզերի տաքսու վարորդներին հաշվիչներ պարտադրելու հանգամանքը, ըստ նրա, մարզերում շատ դժվար է այդ ծախսերի տակից դուրս գալը:

Դեղին պետհամարանիշերի փոխարեն նախարարությունը անվճար ինքնակպչուն կտրոններ է տրամադրելու: Իսկ մարզերի տաքսու վարորդները պարտադիր լիցենզավորման համար այլ վճարներ են վճարելու՝ ասաց ասուլիսի մասնակից տրանսպորտի եւ կապի նախարարության Լիցենզավորման գործակալության պետի տեղակալ Արայիկ Ստեփանյանը: Ըստ նրա, այսուհետ լիցենզավորման համար Երեւանի վարորդները կվճարեն տարեկան 120 հազար դրամ, 80 հազար դրամ մարզերում, գյուղական վայրերում տարեկան 45 հազար դրամ, սահմանմերձ շրջաններում 30 հազար դրամ: Պարոն Ստեփանյանն ասաց, որ տաքսի ծառայություն մատուցող յորաքանչյուր մեքենա պետք է կահավորված լինի հաշվիչով:

Նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը
հավաստիացրեց, որ նախարարությունը ոչ մի դրամաշնորհ էլ չի ստացել, ինչպես որ պնդում է Տիգրան Հովհաննիսյանը, այդ բարեփոխումներն իրականացնելու համար:
Տաքսու վարորդները նաեւ դժգոհում էին, որ հարկերը վճարել չկարողանալու պատճառով իրենց վրա մեծ տույժ ու տուգանքներ են եկել, ուստի խնդրում են այդ տուգանքները ներել, եւ վճարեն միայն մայր հարկերը:

Տիգրան Հովհաննիսյանը, որը պնդում էր, թե տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն իրեն ու վարորդներին չի ընդունում, այսօր հենց ասուլիսի սրահից զանգահարեց պարոն Բեգլարյանի ընդունարան: Նախարարը Տիգրան Հովհաննիսյանի հեռախոսազանգին պատասխանեց, ասելով որ ժամը երեքին նրան ու վարորդներին սպասում է:


Քիչ ավելի ուշ Aravot.am-ը կներկայացնի նաեւ Տիգրան Հովհաննիսյանի, վարորդների եւ Գագկի Բեգլարյանի հետ հանդիպումից մանրամասներ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930