Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հանրային հաղորդակցության ոլորտն անելիքներ շատ ունի

Նոյեմբեր 26,2013 15:01

Այսօր Երևանի պետական համալսարանի Պալյանների անվան դահլիճում տեղի ունեցավ «Հանրային հաղորդակցություն. արդի մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները. Հայաստան 2013» թեմայով գիտաժողովը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԼՀ տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոնի հիմնադիր, քաղաքական գիտ. թեկնածու, ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը: Նա համառոտ ներկայացրեց հանրային հաղորդակցության ոլորտի անցած ճանապարհը, ապա նկատեց, որ ոլորտը դեռևս շատ անելիքներ ունի. «Ինձ անհանգստացնում է ուսումնական գրականության թարգմանության խնդիրը, որովհետև այսօր արտերկրից մեր երկիր են բերվում դասագրքեր, որոնք սերտիֆիկացիոն որևէ գործընթաց չեն անցնում, իսկ այդ երկրներից շատերում հիմա գիրք գրելը ոչինչ չարժե, այսինքն՝ կան այս ոլորտին առնչվող շատ գրքեր, որոնք թերթելիս տպավորություն ես ստանում, թե գրողն ընդհանրապես չգիտի՝ ինչ է գրում: Պետք է զտենք այդ դասագրքերը և մեր գրադարանները համալրենք, որպեսզի մեր ուսանողները որևէ խնդիր չունենան»,- ասաց Արման Սաղաթելյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արթուր Մկրտչյանը. «Շատ ուրախալի է, որ այս միջոցառումն իրականացվում է համատեղ ուժերով: Երևանի պետական համալսարանի հետ միավորվել են նաև Երևանի պետական լեզվաբանական համալսարանը (ԵՊԼՀ), SPRING PR ընկերությունը, «Այ Փի Էս Սի» (IPSC) քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը և Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան (APRA): Սա միասին աշխատելու շատ լավ օրինակ է»: Արթուր Մկրտչյանը ևս նկատեց, որ հանրային հաղորդակցության ոլորտն անելիքներ ու խնդիրներ շատ ունի, որոնք թեև հնարավոր չէ 1-2 տարվա ընթացքում իրագործել, բայց հույս հայտնեց, որ երկու տարի հետո՝ հերթական գիտաժողովին, արդեն կկարողանան որոշակի առաջընթացի մասին խոսել:

Զեկուցումներով հանդես եկան փիլիսոփայական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գեորգի Պոչեպցովը (Կիևի պետական համալսարան), «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախագահ Աստղիկ Ավետիսյանը, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի դասախոս Հրայր Զորյանը և ուրիշներ: Նրանք իրենց աշխատանքներում անդրադարձան հանրային հաղորդակցության ոլորտի արդի հիմնախնդիրներին, PR-ի զարգացման միտումներին, ինչպես նաև ճգնաժամային հաղորդակցության և տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրներին:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930