ՎՊ լրատվական ծառայության պարզաբանումը
Ձեր թերթի 21 նոյեմբեր 2013թ. հրապարակված «Ումն է Իշխան Զաքարյանի առանձնատունը` վերջապես» հոդվածում հոդվածագիրը հարց է բարձրացնում, թե ինչո՞ւ Էթիկայի հանձնաժողովում չի հայտարարագրվել պարոն Զաքարյանի տունը:
Այդ կապակցությամբ հարկ ենք համարում Ձեզ ուղարկել բացատրություն` խնդրելով այն տպագրել:
Թերթում հրապարակվել է Վերահսկիչ պալատի նախագահի 2012 թվականի համար Էթիկայի հանձնաժողովին ներկայացված հայտարարագիրը եւ նշվել, որ այդ հայտարարագրում չի ներառվել Վերահսկիչ պալատի նախագահին պատկանող տունը:
Այդ տունը 2012 թվականի համար Էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրում չպետք է ներառվեր, քանի որ.
1. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի (ուժի մեջ է մտել 01.01.2012 թ.) 32-րդ հոդվածի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք եւ նրանց փոխկապակցված անձինք` օրենքով նախատեսված կարգով, էթիկայի հանձնաժողով են ներկայացնում գույքի, եկամուտների հայտարարագրեր:
Օրենքի 34 հոդվածի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի եւ նրա ամուսնու գույքի հայտարարագիրը պետք է ներառի նրանց սեփականության իրավունքով պատկանող` այն անշարժ գույքը, որն օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում:
Հաշվի առնելով, որ տվյալ հարկային տարում (այսինքն՝ 2012 թվականի ընթացքում) Վերահսկիչ պալատի նախագահի եւ նրան փոխկապակցված անձանց մոտ տեղի չէին ունեցել անշարժ գույքի օտարման կամ ձեռք բերման գործարքներ, հետեւաբար տվյալ հայտարարագրում անշարժ գույքը հայտարարագրման ենթակա չէր:
2. Մինչեւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը` Բագրեւանդի 26/2 հասցեում գտնվող տունը Վերահսկիչ պալատի նախագահին փոխկապակցված անձի կողմից օրենքով սահմանված կարգով հայտարարագրվել է հարկային մարմիններին ներկայացվող հայտարարագրում:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ