Լրահոս
Օրվա լրահոսը

Պապից ավելի կաթոլիկները

Նոյեմբեր 26,2013 14:09

Իսկ որտե՞ղ է իմ գումարը, օդո՞ւմ, հազիվ թե…

Մեր երկրի օրենքներից, կարգերից գլուխ չեմ հանում… կարծում եմ՝ այն սակավաթիվ մարդկանցից եմ, որոնք իրենց պարտաճանաչությամբ ու հետեւողական լինելով, փորձում են պաշտպանել իրենց իրավունքները, առավել եւս` անտեղյակության պատճառով թույլ չտալ, որ ոմանք, ավելի ստույգ` պետական ու այլ մարմինների «թերացող» աշխատողները մտնեն սեփական գրպանս: Ուրեմն շարժվում եմ «ուշքդ վրադ պահիր» սկզբունքով: Բայց: Պարզվում է, որքան էլ ուշադիր ես, հետեւողական, միեւնույն է` կան կեղտոտ խաղի չգրված կանոններ, որոնց դեմ խաղ չկա:

Բացեմ ասելիքս` 2013թ. հոկտեմբերի 8-ին լրանում էր իմ բժշկական քննության 1 տարվա ժամկետը, հետեւաբար, ես ժամանակին` օրեր առաջ, ներկայացրել էի փաստաթղթերս եւ նույն օրը՝ հոկտեմբերի 8-ին, անցա բժշկական հերթական քննությունը: Նոյեմբերի 5-ից էլ պարբերաբար «Յունիբանկի» բանկոմատում ստուգում եմ հաշիվս ու այդպես էլ մինչեւ օրս իմ հաշվին չի նստում հոկտեմբերի թոշակս: Փորձեցի բանկից ճշտել: Մեկ ասացին` երեւի չեն ուղարկել: Հետաքրքրվեցի սոցապից, ասացին, որ իրենք ժամանակին ուղարկել են: Նորից եկա բանկ, ասացին` եթե այս ուրբաթ չնստի, ուրեմն մյուս ուրբաթ կլինի… այդպես ուրբաթները գալիս, անց են կենում, իսկ իմ գումարը չկա ու չկա… մի օր էլ ավելի «անկեղծ» գտնվեցին եւ համոզում էին ինձ, որ պայմանագրիս 1 տարին լրանալուց հետո պետք է ներկայանայի իրենց, որ իրենք համոզվեին, որ ես ողջ-առողջ եմ կամ հանրապետությունից դուրս չեմ, որ այդպիսին է իրենց պայմանավորվածությունը սոցապի հետ… այ քեզ բան… հակադարձում եմ, որ սոցապից արդեն ասել են, որ իմ գումարը հաշվել են, փողն էլ փոխանցել են, դուք էլ ո՞ւմ եք սպասում, չէ՞ որ ես եմ բժշկական քննության գնացել, ուրեմն կամ, գոյություն ունեմ, այստեղ եմ, որ կրկին թոշակ են նշանակել… այդ ի՞նչ հեքիաթներ եք պատմում, թե՞ պապից ավելի կաթոլիկ եք…

Հորդորեցին, որ դեկտեմբերի սկզբներին կստանամ նոյեմբերի թոշակի հետ, բայց չասացին, թե ինչպե՞ս ապրեմ մինչեւ դեկտեմբեր… Հասկացա, որ այսպես` ՀՀ յուրաքանչյուր հաշմանդամ քաղաքացի տարվա մեջ մի ամիս զրկվում է իր թոշակը ժամանակին ստանալուց, որպեսզի որոշ աչքաբացներ 1 ամիս պտտեն այդ գումարը: Մտավոր մեծ կարողություն պետք չէ, հաշվելու համար, թե տարեկան ի՞նչ գերշահույթ են ապահովում բանկերն այս ճանապարհով ՀՀ անպաշտպան ամեն 12 քաղաքացուց:
ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930