Լրահոս
Օրվա լրահոսը

Միրզոյանական շունչ՝ Կոմպոզիտորների դիլիջանյան տանը

Նոյեմբեր 26,2013 13:46

«Որն է Հայաստանի ամենաերաժշտական անկյունը»՝ այս հարցին արվեստին մի քիչ մոտ կանգնած մարդկանց մեծամասնությունն անմիջապես կնշի Դիլիջանը: Դժվար է մտածել մեկ այլ ուղղությամբ: Չէ որ ուղիղ կես դար է՝ հայ կոմպոզիտորների միտքը կենտրոնանում, ներշնչանքը իրեղեն է դառնում հենց հարազատ դարձած Ստեղծագործական տանը: Հիմա արդեն մենք ընտելացել ենք նրա գոյության ու տեղանքի հետ, որովհետեւ ամեն մի ծառ, արահետ, համարակալված կամ անվանակոչված քոթեջ իր կենսագրությունն ու էներգիան ունի մեզ համար, բայց մի պահ տեղափոխվենք 1963-ից առաջ: Էդվարդ Միրզոյանն ինչքան պիտի սիրեր ու կարեւորեր ազգային իր երաժշտությունն ու հայ կոմպոզիտորին, որ արգելանոցի ու պտղատու այգիների կառավարական տարածքում ստեղծագործական տուն պատկերացներ: Սխրանքին հավասարազոր քայլ էր Մոսկվայից ստացած թույլտվությունն անհավանական համարձակ քայլերով իրականացնելը: Ամենակարեւորը` շատ կարճ ժամանակում մեր կոմպոզիտոր-անհատներն այս ամենին գույն, հնչողություն եւ ընտանեկան ջերմություն հաղորդեցին:

Օրերս, կարծես, նոր շունչ էր առել Ստեղծագործական տունը, որը 90-ականներից հայտնի, բայց միեւնույն ժամանակ անհասկանալի պատճառներով լքված էր ու մոռացված: Վերջապես… ահա այն զգացողությունը, որն իրենց մեջ կրում էին Դիլիջան մեկնած կոմպոզիտորները, երաժշտագետները, կոմպոզիտորի այրին եւ որդին: Այն կարող է կրել միայն իր հիմնադրի` Միրզոյանի անունը: Այստեղ արվեստագետն իրեն պիտի կրկին զգա հարմարավետ, կարեւորված ու հարազատ միջավայրում: Համենայնդեպս, այսպիսին են փորձում դարձնել իրենց «հարազատ տունը» Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության անդամները եւ նոր ընտրված նախագահ Արամ Սաթյանը: Միրզոյանի անունով ցուցանակը եւ մեծ ոգեւորությամբ ուղեկցվող ծառատունկը, թերեւս, սպասված վերածննդի մեկնարկն են:

ՆԱԻՐԱ ԴԻՎԱՆՅԱՆ
կոմպոզիտոր, ՀՀ Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության հասարակայնության հետ կապերի ղեկավար

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930