ՀԱԿ-ը Լյուդմիլա Սարգսյանի համար հարազատ է, բայց նա ՀԱԿ-ին չի անդամակցի
«Անսպասելի ոչինչ տեղի չի ունեցել, եւ երբ մենք դիմում էինք վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան, արդեն իսկ կանխատեսելի էր, թե ինչ վճիռ է լինելու, քանի որ հնչակյանների այն հատվածը, որը գործում էր ընդդիմադիր դաշտում եւ իմ ղեկավարության ներքո, պատրաստ չէր վաճառվելու: Մենք հավատարիմ մնացինք հնչակյան սկզբունքներին, մեր նահատակների ավանդին եւ շարունակեցինք մեր պայքարն ընդդիմադիր դաշտում: Դրա համար մենք պետք է հատուցեինք: Հատուցեցինք բավականին թանկ՝ կուսակցության կորստով»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՍԴՀԿ նախկին ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Հիշեցնենք, որ 2009 թվականից ՍԴՀԿ-ում անհամաձայնությունների արդյունքում կուսակցությունը մասնատվեց: Գրանցվեց եւս մեկ ՍԴՀԿ՝ Գեւորգ Պերկուպերկյանի ատենապետությամբ: Այս տարիների ընթացքում Լյուդմիլա Սարգսյանի եւ Գեւորգ Պերկուպերկյանի գլխավորած կուսակցությունները միմյանց մեղադրեցին կեղծ լինելու, իշխանությանը վաճառվելու եւ ՀԱԿ-ի կամակատարը լինելու մեջ: Պերկուպերկյանական հնչակյանները դատի տվեցին Լյուդմիլա Սարգսյանին՝ պահանջելով նրանից կուսակցության կնիքը, ատրիբուտները եւ գույքը: Մի քանի օր առաջ այդ վեճն իր հանգուցալուծումը ստացավ՝ վճռաբեկ դատարանը ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատարանի վճիռը՝ պարտադրելով Լյուդմիլա Սարգսյանին ՍԴՀԿ-ի կնիքը եւ գույքը հանձնել մյուս հնչակյաններին:
Հիշելով նախկին պատմությունները՝ տիկին Սարգսյանը մեկ անգամ եւս փաստում է, որ իշխանությունը 2009-ին նպատակ էր դրել իրեն իրական այլընտրանք ՀԱԿ-ը մասնատել՝ ՍԴՀԿ-ում պառակտումների միջոցով, քանի որ համահնչակյան ղեկավար մարմնում կային մարդիկ, որոնք վաճառվել էին վարչապետ Տիգրան Սարգսյանին, ում էլ հանձնարարված էր այդ գործընթացն ավարտին հասցնել: Խոսքը համահնչակյան կառույցի նախկին ատենապետ Սեդրակ Աճեմյանի մասին է: Տիկին Սարգսյանն արձանագրում է, որ իրենց նկատմամբ կայացրած այս վճիռը եւս մեկ ապացույցն է նրա, որ արդար, 100 տոկոսանոց ճշմարտությունը ձեռքներին մարդիկ հայաստանյան դատական ատյաններում անելիք չունեն: Այս շարքում նա բերեց բազում օրինակներ՝ ընդհուպ մինչեւ մարտի մեկի գործով կայացված ապօրինի վճիռները՝ ամփոփելով. «Մենք չէինք կարող հասնել հաջողության, քանի որ կա մի վարչապետ, որը որոշել է, որ քաղաքական կուսակցությունները պետք է օգտագործի իր նպատակների համար ու ոչնչացնի քաղաքական դաշտը»:
Մեր զրուցակիցը նաեւ հավելեց. «Հետագայում Տիգրան Սարգսյանի ախորժակը, հավանաբար, մեծացավ, եւ նա որոշեց ՍԴՀԿ-ն օգտագործել սեփական շահերի համար: Նա բավական մեծ ախորժակ ունի՝ միտված ապագային, եւ այսօր արդեն տեսանելի է դառնում, թե ինչ նպատակով է նա օգտագործելու իր կողմից գերեվարված ՍԴՀԿ-ն»: Պատասխանելով հարցին, թե իր կարծիքով՝ հատկապես ի՞նչ ծրագրեր ունի Տիգրան Սարգսյանը, մեր զրուցակիցը նկատի ունենալով շրջանառվող այն խոսակցությունները, որ ՍԴՀԿ ատենապետ է ընտրվելու իր նախկին զինակից, այժմ վարչապետի խորհրդական Նարեկ Գալստյանը, ասաց. «Իր խորհրդականին ՍԴՀԿ ատենապետ նշանակելով՝ Տիգրան Սարգսյանը հեռահար նպատակներ է հետապնդում, որը միտված է 2018 թվականի ընտրություններին: Բոլորին է հայտնի, որ Տիգրան Սարգսյանն առանձնապես համակրանք չունի ՀՀԿ-ականների շրջանակներում: Ավելին՝ եթե նա չունենար Սերժ Սարգսյանի աջակցությունը, ՀՀԿ-ականները վաղուց հոշոտած կլինեին Տիգրան Սարգսյանին: Բայց քանի որ Սերժ Սարգսյանը 2018-ին այլեւս նախագահ չի լինելու եւ այն դիրքը չի ունենալու, ինչն այսօր, Տիգրան Սարգսյանը որոշել է իրեն ապահովագրել: Իրավահաջորդի պայքար է սկսվել, ու Տիգրան Սարգսյանն արդեն իր քաղաքական պլատֆորմն է ստեղծում՝ ի դեմս ՍԴՀԿ-ի, այլ քաղաքական ուժերի, որոնք ֆինանսավորվում են իր կողմից, իր հովանավորության ներքո են: Ապագայում մենք ականատեսը կլինենք, թե այդ թիմն ինչպես է համալրվում, ինչը կլինի իմ ասածների հավաստիացումը, իհարկե, եթե Տիգրան Սարգսյանը որոշի, որ ապագային միտված իր նպատակներում ՍԴՀԿ-ն պետք է առանցքային կուսակցություն դառնա: Իսկ Տիգրան Սարգսյանը չափից դուրս համառ է իր նպատակներում եւ պատվախնդրությունից բավականին հեռու, այլապես վաղուց հրաժարական տված կլիներ՝ չդիմակայելով իր նկատմամբ հասարակության շրջանում առկա ատելությանը, մանավանդ, որ հրաժարականի բոլոր հիմքերը կան»:
Կարդացեք նաև
«Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ Լյուդմիլա Սարգսյանն իր թիմակիցներով մտադիր է նոր կուսակցություն հիմնել՝ պահպանելով հնչակյան գաղափարախոսությունը: Արձագանքելով մեր դիտարկմանը՝ ինչո՞ւ նորաստեղծ ՀԱԿ-ին չի ցանկանում անդամակցել, արդյոք իր զինակիցները չե՞ն նեղանա այդ որոշման համար, տիկին Սարգսյանն ասաց. «Շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում եւ շատ բարձր եմ գնահատում ՀԱԿ-ի դերն ու նշանակությունը մեր քաղաքական դաշտում, առավել եւս՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ում մեր ժողովուրդը պետք է երախտապարտ լինի նրա համար, որ կրթեց ապագա քաղաքական լիդերների սերունդներ, որ կարողացավ քաղաքացիական հասարակության հիմքերը դնել Հայաստանում: ՀԱԿ-ն ինձ համար կար եւ շարունակում է մնալ կառույց, որն ամենամոտն ու հարազատն է ինձ: Բայց մենք ունենք քաղաքական թիմ, որն ունի իր նպատակները, որը երբեւիցե չի հրաժարվելու հնչակյան գաղափարախոսությունից»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ