Կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանն այսօր «Հայելի» ակումբում խոսեց վերջին երեք տարիների ավագ դպրոցների արտաքին գնահատման արդյունքներից, որն իրականացրել է Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ): Նաեւ տարակուսանք հայտնեց, որ նման կարեւոր հարցը պատշաճ ուշադրության չի արժանանում, այն դեպքում, երբ համարյա յուրաքանչյուր ընտանիք կրթության ոլորտի շահառու է:
Խոսելով 2013 թվականի արտաքին գնահատման արդյունքներից, տիկին Բախշյանը մեջբերեց 19 ավագ, 41 միջնակարգ, 3 պետական վարժարանների 11-րդ դասարանների 4111 աշակերտների գիտելիքների արտաքին գնահատման արդյունքները: Նրա խոսքով՝ գնահատումների նպատակը եղել է առաջադիմության դինամիկան, գնահատման արդյունքները համեմատել են կիսամյակային գնահատումների հետ, եւ տարբերությունները մեծ են եղել: Վերլուծությունը ցույց է տվել, որ օրինակ 47 %-ը չեն առաջադիմում հայոց լեզու գրականություն առարկայից, իսկ մաթեմատիկայից 16 % է առաջադիմում:
Անահիտ Բախշյանի փաստմամբ՝ հայոց լեզվից միջին գնահատականը եղել է 5, 1, մաթեմատիկայից՝ 3,8: Եվ սա 10 միավորանոց համակարգով գնահատելու դեպքում: ԳԹԿ-ն, բնականաբար, այս պատկերը վերլուծելով, եզրակացություններ է արել: Անահիտ Բախշյանի խոսքով, ըստ այդ վերլուծության, որը նաեւ ուսուցիչներին ու տնօրեներին ուղղված անանուն հարցաթերթիկների ամփոփումն է ընդգրկում՝ տնօրենների 48 %-ը մտահոգված է ուսուցիչների մասնագիտական պատրաստվածությամբ, 62 % գտնում է, որ մանկավարժները կարիք ունեն մեթոդական, 39 %-ի կարծիքով՝ հոգեբանամանկավարժական վերապատրաստումների: Ի դեպ, խոշոր քաղաքների միջին միավորները ավելի բարձր են:
«Եթե փորձեք ԳԹԿ կայքից ստանալ այս տեղեկությունները՝ չեք ստանա, իրականում պետք է դրանք տեղ գտնեին իրենց կայքում»,- հայտարարեց տիկին Բախշյանը: Նրա ասելով, օրինակ 47 %-ը հայոց լեզվից անբավարար է ստանում, սակայն ավարտական դասարաններում 99 %-ը ավարտում է. «Ընդ որում նույն ԳԹԿ-ն է անցկացնում ավարտական քննությունները, ու գրանցվում են բարձր միավորներ»:
Կարդացեք նաև
Անահիտ Բախշյանը եզրակացության է եկել, որ ավարտական քննությունների արդյունքները օբյեկտիվ չեն, եւ հնարավոր է՝ արտաքին միջամտություններ կան: «Ո՞վ է այս ամենի պատասխանատուն: Ո՞վ պետք է այս հարցերը բարձրացնի: Սա նշանակում է, որ կրթությունը ավագ դպրոցում մեր ուզածը չէ: Հնչեցնում ենք ահազանգը, որ ԿԳ նախարարությունը վերջապես միջոցներ ձեռնարկի, որ կառավարությունը հասկանա՝ հերիք է իրար աչքերի թոզ փչենք: Թող նույնիսկ ցավեցնող քայլեր արվեն: 2000-ից ավելի շրջանավարտ է այս տարի մանկավարժական համալսարանը տվել, ինքս եմ տեսել, որ նրանց մեջ կան պայծառ կադրեր: Ցավոք, այդ երիտասարդների համար դպրոցների դռները փակ են: Նույնիսկ օրենքում դրված պահանջը, որ ուսուցչին պետք է ընտրել մրցույթով, չի գործում»,- ասաց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ