Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունցը Սերժ Սարգսյանին դեմ դատական հայց է ներկայացրել (Տեսանյութ)

Նոյեմբեր 26,2013 12:53

«Մենք պահանջում ենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀՀ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը ճանաչվի ոչ իրավաչափ»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նա անդրադարձավ Մաքսային միությանն անդամակցելու որոշման դեմ իրենց կողմից ներկայացված հայցադիմումի հիմնավորումներին ու տեղեկացրեց, որ ծավալուն հայցադիմում են ներկայացրել:

Որպես իրենց հայցով դիմելու հիմնավորում՝ պարոն Սաքունցը համարում է այն, որ ՀՀ իշխանությունները տարիներ շարունակ խոսում էին եվրաինտեգրման մասին, այնինչ մեկ ամսվա ընթացքում ակնհայտորեն փոխվում է իշխանությունների պահվածքը:

Պարոն Սաքունցը, հղում կատարելով մարդու հիմնարար իրավունքներին, ասաց. «Քաղաքացիները հավասար իրավունքներ պիտի ունենան որոշումների ընդունման հարցում, իրավական պետությունում իշխանության գործունեությունը պիտի լինի հրապարակային: Այնինչ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որից հետո բխել են կառավարության գործողությունները, թափանցիկ չեն եղել:Սերժ Սարգսյանի որոշումը նաև պատճառաբանված չէ, որոշումը պիտի բխի ժողովրդի շահերից, այնինչ այդ որոշմամբ վատթարացում է տեղի ունենում, երբ ՀՀ-ի կողմից որոշում է կայացվում Մաքսային Միությանն անդամակցել՝ ի տարբերություն ասոցացման պայմանագրի:Սերժ Սարգսյանն առավելագույն զգույշ չի գործել, այնպիսի որոշում է կայացրել, որից բխում են բազմաթիվ բացասական հետևանքներ»:

Արթուր Սաքունցը նշեց, որ այսօր դիմել են վարչական դատարան, որպեսզի այն ոչ իրավաչափ ճանաչի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գործողությունը:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Սերժ Սարգսյանն ինչպիսի՞ պատասխանատվության պիտի ենթարկվի: Պարոն Սաքունցը պատասխանեց. «Դեռ պատասխանատվության հարցը չենք դնում, կարևորում ենք, որ նախ ՀՀ նախագահի գործողությունը ճանաչվի ոչ իրավաչափ, այնուհետև պետք է գնահատվի, թե ինչ վնասներ է հասցրել այդ որոշումը: Ու միայն դրանից հետո կդրվի պատասխանատվության հարցը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ettentcchi says:

    Մալադեց Սաքունց, տենց կամաց կամաց գազ տու:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930