«Իրատես de facto»-ի զրուցակիցն է 1994-1997 թվականներին ՀՀ նախագահի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը
– ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 100 հազար մարդ է զոհվել Սիրիայում դեռևս շարունակվող քաղաքացիական պատերազմի պատճառով։ Ի՞նչ է տեղի ունենում Սիրիայում, և ո՞վ ի՞նչ է ուզում։
– Ամենից դժվար կոնֆլիկտներից է սիրիական կոնֆլիկտը, որովհետև այս հարցում արաբական աշխարհը բաժանված է, իսլամական աշխարհը բաժանված է, արևմտյան աշխարհը բաժանված է։ Իմ տպավորությունն այն է, որ պիտի շարունակվի այս պատերազմը։ Յուրաքանչյուրն այստեղ իր հաշվարկն ունի. Թուրքիան մտածում է վերահաստատել իր վիրտուալ կայսրությունը և, բացի բանակից, այնտեղ ամեն ձևով ներգրավված է։ Ներգրավված են Ռուսաստանն ու ԱՄՆ-ը։ Ներգրավված են Հորդանանը, Իսրայելը, Իրանը, Լիբանանը, ինչպես նաև ոչ պետական ուժեր, և հարցն այն է, որ այս կողմերից յուրաքանչյուրը տարբեր մտահոգություններ ու շահեր ունի։ Ընդհանրապես այն պատերազմները, որոնք ինքնության հետ են կապված, ինքնության պատերազմներ են՝ կրոնական, ազգային կամ էթնիկ, դժվար են ավելի, քան այն պատերազմները, որոնք միայն շահերի հարց ունեն։ Վերջիններն ավելի դյուրին է լուծելը, որովհետև շահերը կարելի է բաժանել, բայց երբ պատերազմն ունի նաև շատ ուժեղ ինքնության ու գոյության եզր, հակառակորդի ինքնությունն իսկ անընդունելի է, իսկ լուծումը՝ դժվար։ Լուծումը հնարավոր կլինի միայն հսկայական զոհերի գնով, իսկ նման լուծումը չի կարող արդար լինել։ Այդպիսի պատերազմ է Սիրիայի պատերազմը:
– Ի՞նչ են ուզում ԱՄՆ-ը և ընդհանրապես Արևմուտքը Սիրիայից։ Ի՞նչ խնդիր կա Սիրիայում, որը նպատակադրվել է լուծել Ամերիկան։
Կարդացեք նաև
– Այնտեղ ազդեցության հարց կա, որ ամերիկյան կողմն ուզում է ավելացնել՝ իբրև թե հանուն ժողովրդավարության, հետևաբար նպատակն է նվազեցնել իրանական ու ռուսական ազդեցությունները։ Նրանց հաջողվեց դա անել Եվրոպայում՝ Սերբիայի ու Կոսովոյի հարցի լուծման միջոցով։ Ռուսական ազդեցությունը պակասեցնելուց զատ, ուրիշ հարց չկար այնտեղ։ Սիրիայում Արևմուտքը լուծում է հարցեր մի կողմից՝ Ռուսաստանի ու Իրանի հետ, մյուս կողմից՝ Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի համար։ Թուրքիային արդեն անդրադարձա սկզբում։ Դրսի ուժերի համար կան և շահերի, և ինքնության հարցեր, իսկ Սիրիայի ներքին ուժերի համար կոնֆլիկտը շատ արագ վերածվեց ինքնության հարցի։
Նկատենք, որ ամերիկացիները Սիրիա չմտան, կարող էին հարվածել, բայց Օբաման հետ քաշվեց։ Օբամայի արտաքին քաղաքականությունը ամենահաջող քաղաքականությունը չէ, բայց մեծ սխալներից հաճախ կարողանում է խուսափել։ Օրինակ՝ Իրաքից դուրս եկավ, շուտով Աֆղանստանից էլ դուրս կբերի ամերիկյան ուժերը, Սիրիա չմտավ, ինչպես պահանջում էին որոշ ուժեր, իսկ Իրանի հարցում բանակցությունների կողմնակից է և ոչ թե պատերազմի։.
Այստեղ գլխավոր փաստն այն է, որ փոխվում են Միջին ու Մերձավոր արևելքները։ Հայերի, քրիստոնյա արաբների քանակը արագ նվազում է այդ տարածքում։ Իհարկե, նրանց արտագաղթը այդ երկրների համար դեմոգրաֆիկ հարցեր չի ստեղծում, մեծ վակուում չի թողնում, քանի որ մնացյալները շատ են։ Եգիպտոսից 20 մլն մարդ դուրս գա, տակավին Եգիպտոսը կլինի, բայց Եգիպտոսից հինգ հազար հայ դուրս գա, կնշանակի հայ համայնքի վերջ այդ երկրում։ Եգիպտոսում մի քանի միլիոն ղպտի կա, նրանք ընդհանրապես վտանգված են, և նույնիսկ այդ վտանգի դեմն առնելը դժվար է: Սա պատմական երևույթ է։ Այդ ընթացքը պիտի շարունակվի, երբեմն՝ դանդաղ, ընտանիք առ ընտանիք, երբեմն՝ պատերազմով պայմանավորված ավելի հավաքական արտագաղթի տեսքով։ Այստեղ ինձ համար մեծ հարցն այն է եղել, որ երբ Սիրիայի պատերազմը սկսվեց, մերոնք չկարողացան պատկերացնել, թե դա ինչ է նշանակում։
– Մերոնք ասելով ո՞ւմ նկատի ունեք։
– Ընդհանրապես այն կառույցները, որոնք ներկայանում են որպես ազգային իշխանություններ, սակայն առաջին հերթին Կիլիկիո կաթողիկոսությունն ու ՀՅԴ-ն, որը ամենակարևոր կուսակցությունն է այնտեղ։ Սրանք են տիրապետում Սիրիայի հայկական կառույցներին։ Ի սկզբանե, երբ Սիրիայում իրավիճակը խառնվեց, նրանք չկարողացան պատկերացնել՝ ինչ է կատարվելու, չհասկացան, թե ով է մտել խաղի մեջ։ Նրանք այդ երկրներում ունեն փորձ, որը պիտի սովորեցներ, որ այդ տարածաշրջանում ռազմականացած կոնֆլիկտի ու պատերազմի ամեն մի նոր հանգրվան ավելի ծանր է լինում (հիշենք 1956, 1958, 1961 և 1975– 1989 թվականները) ու ավելի ծանր հետևանքներ է ունենում մեր ժողովրդի համար։ Այս կոնֆլիկտներն ավելի բարդ են, քան սառը պատերազմի տարբերակները։ Այն ժամանակ, անկախ նրանից, թե ով էր կռվում ու մահանում, երկու կողմ կար։ Իսկ հիմա ավելի շատ կողմ կա, քան երկիր, որոնք պաշտոնապես ընդգրկված են այս պատերազմում։ Սա կատակ բան չէ։
Զրույցը վարեց Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում