Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընդդիմությունն էլ է մեղավոր Հայաստանի՝ նոր ԽՍՀՄ-ի մաս դառնալու համար. «168 ժամ»

Նոյեմբեր 26,2013 11:59

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը միշտ հանդես է եկել հօգուտ Հայաստանի եվրաատլանտյան կողմնորոշման։ Մեր հարցազրույցը նրա հետ Հայաստանում և Ուկրաինայում ընդդիմության վարքագծի տարբերության մասին է։

– Տեսնելով, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, բնական հարց է ծագում, թե ինչո՞ւ է այս աստիճան պասիվ հայաստանյան ընդդիմությունը։

– Ես կոռեկտ չեմ համարում Ուկրաինայի և Հայաստանի համեմատությունը, քանի որ դեռևս խորհրդային տարիներին Ուկրաինայի հասարակության մեջ եղել է մի մեծ շերտ, որը հանդես է եկել հօգուտ Ուկրաինայի անկախության, Ռուսաստանից անջատ գոյության։ Այնպես որ, յուրաքանչյուր երկրի հասարակությունն է որոշում, թե որ ուղղությամբ պետք է շարժվի իր երկիրը, որ ինտեգրացիոն համակարգում պետք է լինի։ Այդ առումով ես շատ եմ
ցավում, որ Հայաստանում տեղի չունեցավ այն, ինչ Ուկրաինայում, քանի որ ես մշտապես հանդես եմ եկել՝ հօգուտ Հայաստանի եվրոինտեգրացիայի, նշելով Ռուսաստանի հետ ինտեգրացիայից բխող վտանգները։ Դեռևս 2008–
09 թվականներին եմ ես ասել, որ Ռուսաստանի հետ ինտեգրացիան տանելու է նրան, որ Հայաստանի իշխանությունը նշանակվելու է Ռուսաստանից, Հայաստանի տնտեսական շահերը ստորադասվելու են ռուսականին։ Բայց մեր ժողովուրդն այլ պատկերացումներ ունի՝ թե Ռուսաստանում արտագնա աշխատանքի հետ կապված, թե իշխանության քարոզչության արդյունքում ձևավորված անվտանգության խնդիրների առումով։ Այդ քարոզչության արդյունքում Հայաստանում ձևավորվել է մի հասարակություն, որը ճիշտ է համարում Հայաստանի ինտեգրացիան Ռուսաստանի հետ, և իշխանության եվրոինտեգրացիայից հրաժարվելը ոչ թե ընդվզում, այլ բավարարություն է պատճառում հասարակությանը։ Եթե Հայաստանում լիներ ընտրված իշխանություն, որն իր ունեցած քարոզչական ռեսուրսն օգտագործեր և հասարակությանը բացատրեր, որ կարելի է ապավինել սեփական ուժերին, որ հայ ժողովուրդը հաջողություն է ունեցել միայն այն ժամանակ, երբ հույսը դրել է ինքն իր վրա, ներկայացներ պատմական փորձն Ավարայրից մինչև Սարդարապատ և Ղարաբաղյան պատերազմ, հայ հասարակությունը բոլորովին այլ հոգեբանություն կունենար, և բոլորովին այլ կերպ կմոտենար խնդիրներին։

– Խոսում եք իշխանության մեղքերի մասին, իսկ արդյոք ստեղծված իրավիճակի համար ընդդիմությունը չունի՞ մեղքի իր բաժինը։

– Այն կուսակցությունները, որոնք իրենց քարոզչությունը տարել են հօգուտ եվրոինտեգրացիայի, միշտ լուրջ խնդիրներ են ունեցել։ Այդ կուսակցությունները անընդհատ պառակտվել են, քանի որ նրանց դեմ աշխատել է ոչ միայն Հայաստանի իշխանությունը՝ որպես ընդդիմություն, այլ շատ ավելի զորեղ համակարգ, որի կենտրոնը եղել է Մոսկվայում։ Մոսկվան իրեն ենթակա հայաստանյան կուսակցությունների գործունեության համար լայն պայմաններ է ստեղծել, այդ թվում՝ իշխանությունների հետ հարաբերվելու առումով, իսկ մեր տիպի կուսակցություններին պառակտել են՝ մեր ներսում ներդնելով կամ գտնելով մարդկանց, որոնք դուրս գալով կուսակցությունից՝ թուլացրել են այն։ Բայց անկախ այս ամենից՝ ես ընդունում եմ, որ, այո, ընդդիմությունն էլ մեղքի իր բաժինն ունի, որ Հայաստանը դառնում է նոր Խորհրդային Միության մի մաս։

Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930