Լրահոս
Օրվա լրահոսը

Իռլանդացի Վանիկը

Նոյեմբեր 26,2013 14:10

Ամեն շաբաթավերջին, երբ միջին վիճակագրական հայաստանցին սովորաբար հոգնում, երբեմն նույնիսկ գազազում է աշխարհից, գնում էի Վանիկի «Արեւահամ բարը»:
Առաջ Վանիկը թունդ ընդդիմադիր էր ու իր օբյեկտի անունը դրել էր «Բարի լցոնում»: Լցոնման գործում Վանիկը պրոֆեսիոնալ էր: Մի ժամանակ, երբ Փարաքարի ընտրական հանձնաժողովում էր աշխատում, միշտ «խփում էր» պահանջված 65 տոկոսը, հետո իշխանությունները փոխվեցին, եւ Վանիկը սկսեց պայքարել լցոնման դեմ: Արդյունավետ էր պայքարում, որովհետեւ նախկինում այդ գործի վարպետ էր: Ընդդմիության առաջնորդը նույնիսկ խոստացել էր ընտրվելու դեպքում Վանիկիս պատգամավոր դարձնել՝ միաժամանակ նրան հանձնելով հաշվիչ դրամարկղային մեքենաների եւ փողոցային արագաչափերի ողջ բիզնեսը: Վանիկը դեռ միամիտ էր եւ չգիտեր էլ, որ այդ նույն բիզնեսն ընդդիմադիր առաջնորդն արդեն մի 100 հոգու խոստացել էր: Որպեսզի պատկերացնեք, թե որքան միամիտ էր Վանիկը, ասեմ, որ նա դեռ հավատում էր, որ ընդդիմությունը Հայաստանում կարող է երբեւէ հաղթել, երբ նույնիսկ ընդդիմությունն այլեւս դրան չէր հավատում:

Բայց նա կարիք ուներ հավատալու եւ հայաստանցիների մեծամասնությանը հետեւելով, սկսեց անմնացորդ հավատալ իշխող կուսակցությանը: Իսկ իշխողները նրա առջեւ պայման դրեցին՝ եթե հավատում ես, պիտի փոխես: Որովհետեւ վերջին ընտրություններից հետո միջազգային դիտորդները արձանագրել են, որ լցոնումներ չեն եղել, եւ քո այդ օբյեկտի՝ բարի անունը վարկաբեկում է մեր կուսակցության բարի անունը:

Վանիկն էլ, քանի որ սիրում էր գրականությունը, նույնիսկ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի ինքնակենսագրական գիրքը եւ Վահան Հովհաննիսյանի վերջին բեսթսելերն էր կարդացել, իր օբյեկտի անունը դրեց «Արեւահամ բար»՝ վերջ տալով հայ գրականագետների հավերժական վեճին, թե Եղիշե Չարենցը «բա՞ր», թե՞ «բառ» էր գրել, եւ համոզելով բոլորին, որ իր բարն Աստաֆյան փողոցում ցեղասպանությունից մազապուրծ եղած պապը հիմնել էր դեռ 20-ական թվականներին: Եվ Չարենցը հենց այդ բարի մասին է գրել իր հանրահայտ ստեղծագործությունը, որովհետեւ պապն ամեն օր անուշահամ իշլի քյուֆթա եւ տնական գինի էր հյուրասիրում պոետին:

Ճիշտն ասած, ինձ Վանիկի օբյեկտի նախկին անունը՝ «Բարի լցոնում», ավելի շատ էր դուր գալիս, որովհետեւ արտահայտում էր իրականությունը. ինքը կանգնում էր բարի աջ մասում գտնվող լցոնման սարքերի մոտ ու սառնարանում լավ քրտնած մեծ, շատ մեծ գավաթի մեջ լցնում էր Ջեյմս Ջոյսի հայրենիքում ծնված թանձր խմիչքը: Ընդ որում, այնպիսի վարպետությամբ էր լցնում «Գինեսը», որ մեկ-մեկ ինձ թվում էր, թե Վանիկը իսկական իռլանդացի է:

Նա ընդհանրապես եզակի մարդ էր՝ մինչեւ վերջ կարդացել էր ոչ միայն մեր պատգամավորների ստեղծագործությունները, այլեւ «Ուլիսեսը»: Կյանքիս ընթացքում մի տասն անգամ սկսել եմ այդ գիրքը, բայց երբեք չեմ ավարտել: Ու գիտե՞ք՝ միշտ անթաքույց ու անկեղծ ակնածանքով եմ վերաբերվում այն մարդկանց, որոնց հաջողվում է հեշտությամբ անել այն, ինչ ինձ երբեք չի հաջողվել: Օրինակ, նրանց, ովքեր կարողանում են ձեռքով խաշ ուտել, 100 կքանստում կատարել կամ հանրապետականների օգտին քվեարկել՝ առանց 5000 դրամի: Միգուցե 50 հազար դոլարով կքվեարկեի՝ վաղուց չեմ կարողանում տանը վերանորոգում սկսել: Բայց իրենք այդքան փող առայժմ չունեն, ինչն էլ հաշվի առնելով, վերանորոգումը ստիպված հետաձգել եմ մինչեւ հաջորդ ընտրությունները:

Բայց մի՛ կարծեք, թե ես, ինչպես նաեւ նրա բոլոր բարի հաճախորդները, հարգում էինք Վանիկին լոկ այն պատճառով, որ նա մինչեւ վերջ կարդացել էր Ջեյմս Ջոյսի հաստափոր գիրքը: Լինելով ոչ միայն Դորտմունդի «Բորուսիայի», այլեւ իշխող կուսակցության հատկապես ներքին քաղաքականության ջերմ երկրպագուն, նա իր տիպիկ իռլանդական ուսերին էր վերցրել մեր հարազատ կառավարության հայրենանվեր գործունեության ողջ ծանրությունը: Հաշվի առնելով, որ այդ գործունեության շնորհիվ աղքատությունը մեզ մոտ 26 տոկոսից անշեղորեն կրճատվել է մինչեւ 35 տոկոս, Վանիկն ամեն օր բարեգործական ճաշեր էր կազմակերպում «Կենտրոն» համայնքի տարեցների համար՝ տաք ճաշ էր մատուցում, որը կոչվում էր «Կուտակային կենսաթոշակային բորշչ»:

Իսկ մեզ՝ իր մշտական հաճախորդներին, գարեջրի հետ անպայման շատ համեղ լեզու էր հյուրասիրում: Հիշում եմ՝ մի անգամ ինչ-որ ջահել նախարար էր եկել, էլի լեզու պատվիրեց, Վանիկն էլ ամենայն լրջությամբ հարցրեց՝ «Պարոն նախարար, ձեզ աշխատանքայի՞ն լեզու, թե՞ պաշտոնական»:

Անկեղծ ասած, ինձ՝ որպես Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգությամբ խիստ մտահոգ քաղաքացու, ավելի շատ դուր էր գալիս նրա պատրաստած անպաճույճ ու սննդարար «մաքսային կոտլետը», որը վերջերս Վանիկը սկսել էր պատրաստել ուկրաինական սալով, թեեւ արեւմտամետ ընկերներս սեպտեմբերի 3-ից հետո էլ համառորեն շարունակում էին նախընտրել Ֆյուլեի ֆիլեն, երեւի այն պատճառով, որ այդ կերակրատեսակն ասոցացվում էր չստացված ասոցացման հետ:

Սովորաբար «Արեւահամ բարում» միշտ հանգիստ էր, շատ-շատ՝ փակ շուկայի ու հայաստանցի պատգամավորուհու ստրասբուրգյան հարցի շուրջ վիճեին, այն էլ՝ «Գինեսի» մեծ քանակության լցոնումից հետո: Միայն վերջերս մի հոգեւորական էր եկել, տապակած կարտոֆիլ էր ուզել, Վանիկն էլ առաջարկել էր «գենդեր ֆրի»: Սա էլ վրդովվեց՝ ինչպե՞ս թե ազատ սեռ, շատ կարճ, բայց համոզիչ անեծք արտասանեց, նստեց «Բենթլին» ու գնաց:
Բայց նախարարի ու հոգեւորականի այցելությունները հետեւանք չունեցան: «Արեւահամ բարի» դժբախտությունները սկսվեցին այն բանից հետո, երբ մի օր ներս մտավ սիրալիր ժպտացող վարչապետը, եւ Վանիկը նրան հարցրեց՝ սովա՞ծ եք… Վարչապետը խորհրդավոր պատասխան տվեց՝ «Հնարավոր է», բայց երբ Վանիկն անմեղ դեմքով ասաց՝ «Օֆշորի քյուֆթա կուտե՞ք», սիրալիր ժպիտը կորավ վարչապետի դեմքից, կարճ նետեց՝ «Ոչ», ու դուրս եկավ…
Հետո եկավ հարկայինը, երկար նստեց, կարծեմ մի երեք ամիս…

Երեկ էլ անցնում էի Վանիկի օբյեկտի կողքով, չարենցյան ցուցանակը հանում էին: Հարցրեցի՝ բա Վանի՞կը… Ասացին՝ ընտանիքով երկու օր առաջ մեկնել է, ոնց որ թե Դուբլին…
Մտածեցի՝ մենք, հայերս, իռլանդացիներին շատ ենք նման՝ սիրում ենք արտագաղթել: Միայն թե, իրենք մեզ մոտ, չգիտես ինչու, չեն գալիս, իսկ Վանիկը գնաց… Երեւի պարզապես Ջեյմս Ջոյս շատ էր սիրում…

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930