Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր պատվիրակությունը բարձրացրեց ԼՂՀ ինքնորոշման իրավունքի հարցը»

Նոյեմբեր 26,2013 13:57

Հարցազրույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հետ:

-Վեհափառ Հայրապետի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Բուսան քաղաքում կայացած Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) 10-րդ համագումարին, մասնավորապես ի՞նչ մարտահրավերներ շեշտադրվեցին:

-ԵՀԽ-ի համագումարը գումարվում է յոթ տարին մեկ: 10-րդ համագումարը տեղի ունեցավ այս տարի Հարավային Կորեայի Պուսան քաղաքում, որին Հայ առաքելական եկեղեցին մասնակցեց Ամենայն հայոց կաթողիկոսի առաջնորդությամբ: Համագումարի ընթացքում սովորաբար վերլուծվում է կառույցի՝ անցնող տարիների գործունեությունը, ընտրվում է նոր ղեկավար կազմ` Կենտրոնական Կոմիտե, Կենտրոնական Կոմիտեի գործադիր վարչություն, նախագահություն, խոսնակներ ու փոխխոսնակներ: Համագումարի ընթացքում անդրադարձ է կատարվում աշխարհին հուզող մարտահրավերներին, եւ որոշումներ են կայացվում, թե այդ մարտահրավերներից որոնք են կարեւոր եւ կառույցը ինչ ձեռնարկներ պիտի կիրառի դրանց հաղթահարման ուղղությամբ: Մեզ համար այնքան էր կարեւոր, որ բացման հիմնական պատգամով հանդես եկավ Վեհափառ Հայրապետը՝ հոկտեմբեր 30-ին եւ իր պատգամում ամենալայն կերպով 4000 հոգիանոց լսարանի առջեւ նրկայացրեց մի շարք մարտահրավերներ, որոնք վերաբերում էին ինչպես Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներին, արցախահության ինքնորոշման իրավունքի ճանաչմանը, Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների իրավանց պաշտպանության, կրթության, ընտանիքների պահպանության հարցերին: Համագումարն ընդունեց մի շարք կետեր, որոնք ինչպես աստվածաբանական են, այնպես էլ հասարակական, նաեւ քաղաքական հնչեղության: Օրինակ՝ հարցերից մեկը վերաբերում էր երկու Կորեաների միությանը, կամ էլ կրոնի եւ կրոնական փոքրամասնությունների իրավանց քաղաքականացման խնդրին: Այսպիսի տասը հարցի շուրջ ընդունվեցին բանաձեւեր: ԵՀԽ նիստերից մեկում «Պետականազուրկ ժողովուրդների իրավունքի մասին» հայտարարության քննարկման ժամանակ Ամենայն հայոց կաթողիկոսության պատվիրակության կողմից բարձրացվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանության հարցը: Այստեղ խնդիրը վերաբերում էր պետականազուրկ ժողովուրդներին, որոնք աշխարհում այսօր 10 միլիոն են: Նրանց առնչությամբ ընդունվեց 7 կետանոց բանաձեւ, որոնց իրականացմանը պետք է հետապնդի Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հաջորդ տասը տարիներին: Հիմնականում հարցն առնչվում է պետականազուրկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությանը, որպեսզի այս ժողովուրդների իրավունքները հարգվեն իրավական, քաղաքական, հասարակական, մշակութային առումներով: Արցախի հարցը մի փոքր տարբեր է, քանի որ Արցախը դե ֆակտո ժողովուրդ է: Մեր պատվիրակությունը հիշեցրեց այս կոնտեքստում չճանաչված, բայց դե ֆակտո գոյություն ունեցող Արցախի եւ արցախահայության խնդիրը: Արցախի հարցի առնչությամբ ԵՀԽ-ն որոշում էր կայացրել տակավին 1991թ.՝ կոչ ուղղելով նախկին ԽՍՀՄ ղեկավարությանը հարգելու տեղի հայ ազգաբնակչության իրավունքները:

-Պատվիրակությունը կոչ արեց ԵՀԽ-ին՝ դատապարտել նման հարցերի առնչությամբ աշխարհում կիրառվող երկակի չափանիշները, ի՞նչ արձագանքներ եղան:

– Համաժողովի 345 եկեղեցիների 300 պատվիրակներ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով ընդունել են հատուկ բանաձեւ, որն արդյունքն էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի պաշտոնական դիմումների, ինչպես նաեւ ԵՀԽ Կենտրոնական եւ գործադիր կոմիտեներում Հայ եկեղեցու նվիրակների հետեւողական աշխատանքի: Հարկ է նշել, որ Վեհափառի խոսքում մի կարեւոր հատված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն էր վերաբերում: Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մի քանի անգամ անդրադարձել է այս հարցին: Այս անգամ որոշվեց 2015 թ. ապրիլի 24-ի շրջանին Ժնեւում կազմակերպել միջազգային կոնֆերանս Եկեղեցիների համաշխարհային խորհրդի անդամ եկեղեցիների, միջազգային զանազան կազմակերպությունների, իրավաբանների, իրավապաշտպանների մասնակցությամբ: Այս միջազգային կոնֆերանսին զուգընթաց կազմակերպել միջեկեղեցական աղոթք Ժնեւի Մայր տաճարում: Միջազգային կոնֆերանսի օրերին հրավեր ուղղել աշխարհի բոլոր Եկեղեցիներին` աղոթել հայոց նահատակների համար: Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումից զատ՝ համաձայնություն ձեռք բերվեց, որ առաջիկայում անդրադարձ կկատարվի եւ բանաձեւ կընդունվի ասորիների, հույների եւ Օսմանյան Կայսրության տարածքում ցեղասպանված այլ ժողովուրդների համար: Հայոց ցեղասպանության բանաձեւն ընդունվեց միաձայն: Նաեւ արժանահիշատակ է, որ համագումարին ներկա էին անձինք Թուրքիայից:

– Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համաժողովի նոյեմբերի 4-ի նիստին միաձայն քվեարկությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը ընտրվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ՝ առաջիկա ութ տարիների համար: Ի՞նչ առաքելություն եւ լծակներ ունի Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահը, որոնք կարող են ծառայեցվել ի նպաստ Հայաստանի:

– ԵՀԽ նախագահների առաքելությունն է խրախուսել միջեկեղեցական եւ էկումենիկ հարաբերությունները, աշխարհում պաշտպանել մարդու իրավունքները, արդարությունն ու խաղաղությունը: Լծակները մեր ձեռքում են, մենք արդեն իսկ կազմում ենք միջոցառումների շարք, որոնք պիտի ներկայացնենք Վեհափառ Հայրապետի հաստատմանը, որոնք մեծապես կօգնեն ինչպես մեր խնդիրների բարձրաձայնմանը, այնպես էլ օգտակար գտնվելու մեր երկրին ու ժողովրդին: Ի դեպ, համագումարի բոլոր փաստաթղթերը մատչելի են՝  ԵՀԽ-ի կայքէջում:

Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930