Բեմանկարիչ Անտոն Քեշիշյանը երազում է, որ օպերայի «տարոսը» մյուս թատրոններին էլ լինի
«Առավոտի» հետ զրույցում մասնագետները տարբեր առիթներով հաճախ նշում են, թե ժամանակակից թատրոնի գլխավոր ձեռքբերումը բեմանկարչությունն է: Վերջինս արդեն իսկ գրական նյութի, ռեժիսորական մտահղացման եւ դերասանական կատարման հանրագումարն է: Վաղուց արդեն բեմանկարչությունը ձեռք է բերել նոր անվանում՝ նկարչական ռեժիսուրա, որովհետեւ արդի թատրոնը ոչ միայն խոսքի ու գործողության համադրում է, այլեւ արտահայտման միջոց:
Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր նկարիչ Անտոն Քեշիշյանը, ում աշխատանքի շնորհիվ իրականացվել են բազմաթիվ ներկայացումներ հայաստանյան թատրոններում, Արցախում եւ արտերկրում, հավաստիացնում է, որ բեմանկարչության շնորհիվ ստեղծված միջավայրը դառնում է ներկայացման դերակատար, ավելին՝ գլխավոր դերակատար:
Շատերը կարծում են, որ բեմանկարչությունը ընդամենը միջավայրի կազմակերպում է, արդյո՞ք համակարծիք է ճանաչված բեմանկարիչը: Մեր զրուցակիցն ասաց. «Նախկինում բեմանկարչությունը ընդամենը տարածքի կամ միջավայրի ձեւավորում էր, ինչը ժամանակի ընթացքում վերածվեց, ինչպես ընդունված է ասել՝ սցենոգրաֆիայի, ըստ որի՝ բեմանկարիչը պատրաստում է ներկայացման կերպարը, հաղորդելով պահանջվող տրամադրությունը՝ գույների, լույսերի եւ այլնի միջոցով: Եվ հենց այստեղ է, որ բեմանկարչությունը դառնում է իսկապես դերակատար»:
Կարդացեք նաև
Մեր թատերական հանդիսատեսը հասկանում է ամեն ինչ, եթե նույնիսկ մի բեմադրության դեկորները, թեկուզ փոփոխված, հայտնվում են այլ ներկայացման մեջ: Այս դիտարկմանը համակարծիք լինելով, Անտոն Քեշիշյանը մանրամասնեց, թե այդ վիճակը լավ կյանքից չէ: Նրա խոսքերով՝ «պետպատվերի քանակը քիչ է, տրամադրվող գումարը՝ նույնպես, մինչդեռ հանդիսատեսը գալիս է թատրոն «թամաշայի», արտառոց եւ ակնահաճո մի բան տեսնելու»: Արվեստագետը հավելեց, որ եթե աշխարհն այսօր սցենոգրաֆիան կառուցում է ժամանակակից տեխնոլոգիաներով, նյութերով, լուսավորմամբ, լազերային լուծումներով, ապա «մենք դեռ նստած ենք փայտի, երկաթի ու կտորի վրա»:
Անտոն Քեշիշյանին հիշեցրինք, որ ժամանակին նա ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի հետ Մոսկվայի՝ Արմեն Ջիգարխանյանի գլխավորությամբ գործող պետական դրամատիկական թատրոնում իրականացրել է ըստ Չեխովի՝ «Ես ճայ եմ» բեմադրության սցենոգրաֆիան, որը հետագայում «տեղափոխվել է» Երեւանի պատանի հանդիսատեսի պետական թատրոն: Հետաքրքրվեցինք՝ բեմանկարչական ի՞նչ լուծումներով է այն իրականացրել Մոսկվայում եւ Երեւանում: «Բեմանկարչության մեջ օգտագործել էի թափանցիկ գործվածք, որը ստեղծում էր լազերային լուծումներով արված սցենոգրաֆիական էֆեկտ… Հուսով եմ, որ Ազգային օպերային թատրոնում տեղադրված ժամանակակից հզոր բեմական ու լուսային տեխնիկայի օրինակով ժամանակի ընթացքում կզինվեն նաեւ մեր մյուս թատրոնները»,- ասաց մեր զրուցակիցը, կեսկատակ-կեսլուրջ հավելելով, թե դեռեւս չունենալով ժամանակակից հզոր տեխնիկա, փոխարենը մենք՝ բեմանկարիչներս, գործի ենք դնում, «հզորացնում» մեր ուղեղներն ու երեւակայությունը:
Շուրջ 25 տարի մոտ 150 ներկայացման բեմանկարչական աշխատանքներ իրականացրած արվեստագետն այսօր մուտք է գործել նաեւ կինոաշխարհ: Նրա փոխանցմամբ՝ իր մասնակցությամբ, Կարինե Խոդիկյանի սցենարով, ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկ» ֆիլմը, որի վերջին աշխատանքներն են ընթանում, 2014թ. կներկայացվի Կաննի միջազգային կինոփառատոնում:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ