Կառավարության անդամները առիթը բաց չեն թողնում հպարտանալու համար, որ գոնե պետական գնումների առումով թափանցիկ են գործում, քանի որ մեկ անձից կատարվող գնումները հրապարակային են եւ դրանց կարելի է ծանոթանալ կառավարության կայքէջում: Այլ հարց է, թե հարկատուների գումարներն արդյո՞ք տեղին են ծախսվում:
Օրինակ` կառավարության կայքէջի մեկ անձից կատարվող գնումներ բաժինը ուսումնասիրելուց պարզվում է, որ արտաքին գործերի նախարարությունը կարելի է ասել` բավականին թանկարժեք գնումներն է կատարում: Թե որքանով է հաջողված ԱԳՆ-ի քաղաքականությունը միջազգային ասպարեզում, թերեւս փորձագետները կարող են գնահատական տալ, բայց որ միլիոններ են ծախսվում կոնյակների, ավիատոմսերի ձեռք բերման եւ պատվիրակություններ ընդունելու եւ հյուրասիրությունների վրա, փաստում է համապատասխան կայքէջը:
Ըստ մեկ անձից կատարվող գնումների, ԱԳՆ-ն միայն 2 միլիոն 563 հազար դրամի կոնյակներ ձեռք բերելու համար նոյեմբերի 7-ին պայմանագիր է կնքել «Արտէքսիմ» ընկերության հետ: Բացի միլիոնանոց կոնյակների, այս ամիս ԱԳՆ-ն եւս կոնյակներ ձեռք բերելու համար մի անգամ մեկ անձից գնում է կատարել 288 հազար դրամի, մեկ անգամ էլ`24 հազար դրամի: Իսկ ավիատոմսեր ձեռք բերելու համար արտաքին գործերի նախարարությունը մոտ 5 միլիոն դրամի ծախս է կատարել: Այս նախարարությունը միջազգային պատվիրակություններ ընդունելու համար էլ քիչ ծախսեր չի կատարում, ինչը վկայում է այն մասին, որ մեր հյուրերին պատշաճ ընդունելություն եւ բարձրակարգ հյուրանոցներ ենք տրամադրում: Օրինակ` այս ամիս ԱԳՆ-ն հյուրանոցային ծառայությունների մատուցման համար մի անգամ 1 միլիոն 372 հազար դրամ է ծախսել, մի անգամ էլ` 638 հազար դրամ եւ կրկին այս ամիս մեկ անգամ էլ 807 հազար դրամ է ծախսել հյուրանոցում օտարերկրյա հյուրերին «տեղավորելու»: Այս ամիս ԱԳՆ-ի տրանսպորտային ծառայություններն էլ 1 միլիոն դրամը գերազանցել են:
Իսկ պաշտոնական ճաշերի համար ԱԳՆ-ի ծախսերը չեն գերազանցել 1 միլիոն դրամը:
Կարդացեք նաև
Այս ամիս մի դեպքում այս գերատեսչությունը ծախսել է ընդամենը մոտ 24 հազար դրամ, մեկ այլ դեպքում 143 հազար դրամ, ապա` մոտ 67 հազար դրամ, մեկ այլ անգամ` 355 հազար դրամ, նույն ամսում մի անգամ էլ` 221 հազար դրամի ծախսեր է կատարել:
Արտաքին գործերի նախարարությունն այս ամիս մեկ անձից կատարվող գնումների միջոցով 1 ծաղկեպսակի եւ 16 հատ մեխակի համար վճարել է մոտ 85 հազար դրամ: Արտգործնախարարությունը նոյեմբերին մոտ 989 հազար դրամ էլ ծախսել է գրասենյակային մեքենաների տեխնիկական սպասարկման ծառայությունների համար: Այս նախարարության այս ամսվա ամենաէժան ծախսը 9,500 դրամի գնումն է, որը վճարել է «Զվարթնոց» օդանավակայանին պաշտոնական պատվիրակության սրահում 3 հյուրի ընդունելու ու ճանապարհելու համար: Այս նույն սրահում ԱԳՆ-ն մեկ այլ պատվիրակություն դիմավորելու եւ ճանապարհելու համար ծախսել է 25,500 դրամ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ