Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկ քրեակատարողականից ազատ արձակեցին գյումրեցի բժիշկ-գինեկոլոգին

Նոյեմբեր 25,2013 21:12

Ինչպես Aravot.am-ին փոխանցեց Գյումրու Ավստրիական «Մոր և մանկան» հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի կալանավորված  36-ամյա բժիշկ-գինեկոլոգ  Վահագն Մադոյանի փաստաբան Թամարա Յայլոյանը, քիչ առաջ Արթիկ քրեակատարողական հիմնարկից  ազատ են  արձակել բժշկին:

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` Էդուարդ Մանուկյանի նախագահությամբ,  ժամը 15.00-ի սահմաններում քննել է բժշկի խափանման միջոցը փոխելու հարցը ու որոշել է նրան ազատ արձակել` 1 միլիոն դրամ գրավի դիմաց:

Հիշեցնենք, որ բժիշկ-գինեկոլոգին նախնական կալանքի տակ վերցնելու պատճառը եղել էր իր իսկ բակում քաղաքացիական հագուստ կրած ոստիկանների հետ վիճաբանությունը: Նախնական վարկածով, մոտ 20 օր առաջ  բժիշկը երեկոյան ժամը 10.30 սահմաններում իր տան դիմաց կանգնեցրած մեքենան փորձել էր մտցնել ավտոտնակ: Այդ ժամին քաղաքացիական հագուստ կրած երկու ոստիկաններ, որոնք, ի դեպ, ծառայողական  մեքենայով չեն եղել, կանգնեցրել են նրան` պնդելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտում է կատարում, որից և բախում էր առաջացել բժշկի ու ոստիկանների միջև: Բանը հասել էր նրան, որ բժշկին տեղափոխել էին ոստիկանության բաժին, նրա դեմ քրեական գործ հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու մեղադրանքով ու կալանավորել էին:

Թամարա Յայոլյանը մեզ նաև փոխանցեց, որ դատական նիստից հետո իր պաշտպանյալին դարձյալ տեղափոխել են Արթիկ քրեակատարողական հիմնարկ, մինչև որ նրա հարազատները վճարել էր 1 միլիոն դրամի գրավը:

Քիչ առաջ բժշկին Արթիկ քրեակատարողականից տուն են տեղափոխել: Մեր այն հարցին, թե ի՞նչը պատճառ հանդիսացավ դատարանի համար, որ փոխեր բժիշկ-գինեկոլոգի խափանման միջոցը`արդյո՞ք նրա բժիշկ լինելը և հիվանդանոցում գերծանրաբեռնված ռեժիմով աշխատելը,  Թամարա Յայլոյանն ասաց. «Հասարակության մեջ կարծիք կա, որ շատ քիչ է կիրառվում այլընտրանքային խափանման միջոցը, կարծում եմ Վահագն Մադոյանի խափանման միջոցը փոխելու պատճառներից մեկը սա  է, և անխոս դատարանը հաշվի առավ նաև իր պաշտպանյալի մասնագիտությունը: Նաև դերակատարություն ունեցան  ԶԼՄ-ները»: Բժշկի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռ ընթանում է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930