Հաղարծինի նորովի վերանորոգված զանգակատան մոտ կանգնած՝ Տեր Արիստակես վարդապետ Այվազյանն ասել է, որ միջնադարյան հայկական վանական համալիրը փրկելու համար աստվածային միջամտություն էր պետք: Դրա համար մեծ գումար պահանջվեց, իսկ բարերարը անհավանական մարդ էր՝ մահմեդական առաջնորդ, Շարժայի կառավարիչ Շեյխ Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմին: Գրում է «Գլոբալ Փոստը»՝ հղում անելով «Ֆրանս Պրես» գործակալությանը:
«Ես չեմ կարող հիշել նման բան, որ պատահած լինի մեր պատմության մեջ, որ ինչ-որ արաբ շեյխ, մահմեդական, օգնի վերանորոգել և փրկել հայկական քրիստոնյա եկեղեցին», – ասել է Այվազյանը, – «Անկասկած, Աստվածն է ուղարկել շեյխին Հաղարծին»:
«2005թ. նորին արքայական մեծությունը եկել էր Հայաստան և մարզերով շրջայցի ժամանակ մեծահոգաբար առաջարկեց վերանորոգել համալիրը», – ասել է Շարժայում ապրող հայ գործարար Վարուժ Ներգիզյանը, որն այս հարցում Շեյխին խորհուրդ տվողն էր:
Ներգիզյանը հրաժարվել է պատասխանել, թե ինչքան գումար է տվել շեյխը վերանորոգման համար, սակայն հայկական մամուլում այն ժամանակ գրել էին, որ այն կարող է լինել 1,7 միլիոն դոլար:
Կարդացեք նաև
74-ամյա Ալ-Քասիմին իշխանության է եկել 1972թ., երբ թագավորին՝ իր եղբորը, սպանել էին չհաջողված հեղաշրջման ժամանակ:
Հաղարծինում աշխատողների հիշողությունում վառ է մնացել արաբ շեյխին քրիստոնեական եկեղեցում տեսնելը:
«Նա եկավ մոտ 10 մարդու ուղեկցությամբ: Մի քիչ ուսումնասիրեց շուրջը, նայեց բոլոր խաչքարերին և եկեղեցիներին: Հետո խնդրեց մտնել գլխավոր եկեղեցին», – պատմել է Հաղարծինում մոմ վաճառող Արտակ Սահակյանը, – «Երբ նա դուրս եկավ, ասաց, որ Աստծո խոսքն այստեղ իրոք լսելի է»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ