«Խայտառակություն է մեր այսօրվա հեռուստաեթերը, գավառական, եթե փորձենք մեկ-երկու բառով բնութագրել»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայկական հեռուստատեսության և եթերի որակի մասին այսպիսի կարծիք հայտնեց հեռուստալրագրող, PR մասնագետ Վարդուհի Սիմոնյանը: Նրա խոսքով՝ դրա համար շատ որոշակի պատճառներ կան. «Հայաստանը աշխարհի միակ երկիրն է երևի, որտեղ հեռուստաքննադատությունը մուտք չգործեց և չզարգացավ: Ինչո՞ւ: Որովհետև մենք տարիներ շարունակ հեռուստատեսությունից դուրս նետեցինք պրոֆեսիոնալներին, և դպրոցի փոխանակում չեղավ: Ինչպես որ ցանկացած կին իրեն զգում է բժիշկ, և ցանկացած տղամարդ՝ ֆուտբոլիստ, ճիշտ նույն կերպ էլ, ով իր տանը կենցաղային սարքերի կողքին հեռուստացույց տեսավ, մտածեց, որ ինքը հեռուստատեսության ոլորտի մասնագետ է և, ինչու չէ, կարող է նաև աշխատել հեռուստատեսությունում»,- ասաց հեռուստալրագրողը:
Անդրադառնալով Հանրային հեռուստաընկերությանը՝ Վարդուհի Սիմոնյանն ասաց, որ ցանկության դեպքում այդ հեռուստաալիքը կարելի է, ասենք, երկու ամսում կարգի բերել և դարձնել գրեթե ռուսական ալիքի մակարդակի հեռուստաալիք: Վարդուհի Սիմոնյանը պատրաստ է ծրագիր ներկայացնելու: Նրա համոզմամբ՝ Հանրայինը դա չի անում, որովհետև չկան պրոֆեսիոնալ կադրեր, չկա ցանկություն և չկա մեծ արժեհամակարգի շուկա: «Հեռուստատեսությունն այսօր խնդիր է դրել թռի-վռի հասարակություն ստեղծել: Տեսեք՝ ռաբիսն ինչպես բերեցին- լցրեցին եթեր, արդյունքում՝ այն արժեքավորը, որ կար, քիչ-քիչ հետ մղվեց. ո՞վ էր տեսել այսքան ռաբիս, այսքան թափոն եթերում»,- ասում է Վարդուհի Սիմոնյանը:
ՀՌ հանրային կարծիքի ձևավորման կենտրոնի տնօրեն Թամարա Գևորգյանն էլ նկատեց, որ մի կողմից պետությունն իր գործունեությունն է ծավալում, ունի իր ծրագրերը, մյուս կողմից ԶԼՄ-ները վեր են հանում դրանք, դիտարկում և քննարկում են: «Մենք պետք է կարողանանք հասկանալ՝ պետությունն արդյո՞ք հավաքագրում և վեր է հանում հանրային ամբողջ բազան, կարծիքը, իսկ լրատվամիջոցները, մասնավորապես, հեռուստաընկերությունները, արդյո՞ք ցուցադրում են և կամ իրենց ռազմավարությունը կառուցո՞ւմ են նրա վրա, թե ինչ է իրականում մտածում հասարակությունը: Մեր կենտրոնը հենց սրա համար է կոչված, որ մենք կարողանանք վեր հանել տարբեր ոլորտների վերաբերող խնդիրները հասարակության ընկալման մեջ: Ես ուզում եմ մի շեշտադրում անել, որ երբ խոսում ենք հասարակության անունից, պետք է շատ զգույշ լինենք, որ չնենգափոխենք, չխեղաթյուրենք: Մի խումբ մարդկանց մտորումները դեռ հասարակական կարծիք չեն»,- ընդգծեց Թամարա Գևորգյանը:
Անդրադառնալով որոշակի հաղորդումների վարկանիշին՝ Թ. Գևորգյանն ասաց, որ ինքը բոլորովին չի կարծում, որ վարկանիշը վստահության քվե է:
Կարդացեք նաև
Վ. Սիմոնյանն էլ կարծում է, որ վարկանիշը գովազդի գործիք է, հանրային վստահության գործիք չէ: «Միտումնավոր որոշակի հեռուստաարտադրանքի ռեյտինգը բարձրացնում են, և մեր հասարակությանը դարձնում ինֆանտիլ»,- նկատեց Վարդուհի Սիմոնյանը:
Թամարա Գևորգյանը, որը, ի դեպ, նոր է ստանձնել ՀՌ հանրային կարծիքի ձևավորման կենտրոնի տնօրինությունը, վստահեցրեց, որ հարցումների, քննարկումների և այլնի միջոցով իրենց կենտրոնը կփորձի պարզել, թե իրականում ինչ է ուզում հասարակությունը։
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ