Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի իշխանության «վա բանկ գնալու» խաղն ու ՀՀ-ի վարքագիծը

Նոյեմբեր 25,2013 17:20

 

«Ասոցացման պայմանագիր ստորագրելու հարցը Ռուսաստանը քաղաքակացրեց: Ստացվեց, որ գլոբալ պայքար է երկու բևեռների միջև, ինչին ԵՄ-ն պատրաստ չէ»,-այսօր «Մեդիա կենտրոնում» «Ուկրաինայի ընտրությունը. գործոններ և հետևանքներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Տեսազանգի միջոցով քննարկմանը միացավ Եվրաատլանտյան համագործակցության ինստիտուտի քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Հորբաչը: Նա, անդրադառնալով Ուկրաինայի` ԵՄ-ի հետ պայմանագիր չստորագրելու որոշմանը, այսպես արտահայտվեց. «Ակնհայտ է, որ Ուկրաինայի իշխանությունները գնացին  վա բանկ: Ուկրաինան կարծում էր, որ ինքը երկու գնորդ ունի, և ուզում էր իր երկրի ապագան որքան հնարավոր է թանկ վաճառել: Սակայն նա հաշվի չէր առնում այն, որ այդ երկու գնորդները տարբեր են, տարբեր են նաև նրանց պահանջմունքները ու նրանց տարբեր տեսակի ապրանք ու ծառայություններ են պետք: Վա բանկ խաղը հանգեցրեց նրան, որ Ուկրաինայի նախագահն արդեն չորս օր է՝ չի խոսում և իր համար մանևրելու տեղ թողնում: Մոսկվայի հանդիպումից հետո Սերժ Սարգսյանն էլ չէր խոսում, բայց դա այլ լռություն էր»:

Անդրադառնալով Կիևում տեղի ունեցած հուժկու բողոքի ակցիաներին` https://www.aravot.am/2013/11/24/408545/  ԵՄ-ին չմիանալու որոշման հետ կապված` պարոն Հորբաչը նշեց. «Դա մի մասշտաբային իրադարձություն էր, որը կարելի է համեմատել  2004-ին տեղի ունեցած  նարնջագույն հեղափոխության հետ: Սա վկայում է այն մասին, որ գործընթացը չի ավարտվել, և Ուկրաինայի իշխանությունները պիտի հաշվի նստեն հասարակության հետ»:

Ըստ Ստեփան Գրիգորյանի` ՌԴ-ի համար գերխնդիր էր կասեցնել Ուկրաինայի` ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը, ինչին նա հասավ: Այնուհետև պարոն Գրիգորյանը նշեց. «Վրաստանը և Մոլդովան կստորագրեն Վիլնյուսում համաձայնագիր: Բայց ես համոզված եմ, որ դրանից հետո բոլորը կհասկանան, որ ոչնչից էլ պետք չէր վախենալ, և դա չի նշանակում ՌԴ-ի հետ հարաբերությունների խզում: Ուղղակի նրանք չեն կորցնի եվրոպական տեմպը, իսկ Հայաստանի դեպքում, գուցե այդ տեմպը կորչի»:

Ստեփան Գրիգորյանի համար զարմանալի է այն, որ մեր երկրում պրոեվրոպական կուսակցություները, պարզվում է, քիչ էին ու մանրամասնում է. «Ըստ նրանց ծրագրերի` ԵՄ-ի անդամակցությունը գերխնդիր էր, բայց ՀՀ նախագահի հայտարարությունից հետո նրանց ընդվզումը չտեսա»:

Վլադիմիր Հորբաչը Ուկրաինայի և Հայաստանի վարքագիծն այսպիսի համեմատության մեջ դրեց. «ՀՀ իշխանությունները ստիպված են որոշում կայացրել, ավելի շատ մտածում էին ազգային անվտանգության, ինքնապահպանության մասին: Իսկ Ուկրաինան առաջնորդվում է մասնավոր  և քաղաքական շահի տեսանկյունից, որ օգտագործի ռուսական ռեսուրսները: Սա ուկրաինական ղեկավարության մեծ սխալն է, այդպես չի կարող լինել, քանի որ Ուկրաինան այլ հասարակություն է, այլ պատկերացումներ ունի, ուստի զարգացումներն այլ կլինեն, ինչ իրենք էին սպասում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930