Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց երկինքը կկործանի՞ տեղական ավիափոխադրողներին (Տեսանյութ)

Նոյեմբեր 25,2013 16:38

Կառավարությունը պետք է աջակցի, որ ազգային ավիափոխադրող ունենանք, Հայաստանի երկինքն ազատականացնելը կկործանի տեղական ավիաընկերություններին: Այսօր «Հենարան» ակումբում այսպիսի մտահոգություն հայտնեցին Հանրային խորհրդի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը եւ նույն խորհրդի Ավիացիոն հարցերով ենթահանձնաժողովի ներկայացուցիչ Իզաբելա Մուրադյանը:

Ըստ նրանց` Հայաստանը պետք է զարգացնի ներքին ավիացիան, քանի որ այդ հարցը ազգային անվտանգության խնդիր է: Տիկին Մուրադյանի խոսքերով` ֆորս մաժորների ժամանակ միջազգային ավիաընկերությունները չեն ցանկանում թռչել եւ պայմանագրով նման կետ էլ չկա, որ նրանց ստիպի սպասարկել:

«Պատերազմների ժամանակ միայն ազգային փոխադրողներն են, որ իրենց եւ ինքնաթիռը վտանգելով թռչում են: Սիրիայի պատերազմի ժամանակ միջազգային ավիաընկերությունները հրաժարվում էին թռչել, եւ «Սիրիական ավիաուղիներն» էր միայն, որ աշխատում էր»,-ասաց Իզաբելա Մուրադյանը:

Վազգեն Սաֆարյանի համոզմամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանի ծառայությունների գները շատ բարձր են, այդ պատճառով էլ ազգային ավիափոխադրողները չեն դիմանում` սնանկանում են: Ըստ նրա՝ պետք է պետական աջակցություն, որպեսզի տեղական ավիափոխադրողները զարգանան, իսկ բաց երկնքի քաղաքականությունը ներքին փոխադրողներին չսննկացնի: Պարոն Սաֆարյանը նաեւ նշեց, որ իրենց բանակցությունների արդյունքում օդանավակայանն իր ծառայությունները 25 տոկոսով նվազեցրել է, բայց այդքանը բավարար չէ, որպեսզի տեղական ավիաընկերությունը կարողանա դուրս գալ այդ ծախսերի տակից:

Ասուլիսին ներկա տեղական` «Սքայ նետ» ավիաընկերության տնօրեն Գրիգորի Վարդանյանի ներկայացմամբ, դեռեւս ունեն մեկ 19 տեղանոց ինքնաթիռ, որը կարող է չվերթներ կատարել Թբիլիսի, Թավրիզ, Բաթումի, Սոչի, Մինվոդի Ստավրոպոլ:

Տիկին Մուրադյանի ներկայացմամբ՝ Միջազգային ավիափոխադրողները ԱԱՀ-ով չեն հարկվում, իսկ ներքին փոխադրողները ԱԱՀ են վճարում, ինչը «նպաստում» է, որպեսզի
ԱԱՀ-ի գումարները ներառվեն ավիատոմսի տոմսերի գների մեջ, ինչի պատճառով տոմսի գինն ավելի է բարձրանում. «Հարեւան երկրներն ունեն սեփական ավիացիա, նշանակում է մենք, առավելեւս, պետք է ունենանք մեր ազգային ավիափոխադրողը, որին պետք է աջակցի պետությունը»:

Տիկին Մուրադյանի խոսքերով, ներկայումս Հայաստանը չունի ոչ ինքնաթիռների պարկ, ոչ կադրեր, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են թռիչքներ իրականացնել:
Իզաբելա Մուրադյանի ներկայացմամբ՝ չնայած Վրաստանում պետությունը աջակցում է իր ազգային ավիափոխադրողին, բայց, միեւնույն է, խնդիրներ են առաջանում, քանի որ
բաց երկնքի քաղաքականությանը չեն դիմանում:

Ըստ Վազգեն Սաֆարյանի՝ Ստեփանակերտի օդանավակայանի փոխադրումները միայն քաղաքական պատճառով են հետաձգվում, Գորիսի օդանավակայանը պետք է սկսի վերականգնման աշխատանքները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930