Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է. նա կդառնար 56 տարեկան

Նոյեմբեր 25,2013 16:26

«Երբ Մոնթեն եկավ Հայաստան, արտագաղթն այն ժամանակ էլ էր ավերներ գործում, բայց նա եկողն էր, գնացողը չէր,- զինակից ընկերոջ՝ Մոնթե Մելքոնյանի մասին հուշերով այսօր լրագրողների հետ կիսվեց «Մոնթե Մելքոնյան»  ՀԿ-ի տնօրեն, ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ  Ալեք Ենիգոմշյանը: – Եվ եթե այսօր մենք ուզում ենք հարգել Մոնթեին, պիտի դա անենք՝ փորձելով մի փոքր մոտենալ նրան: Դա կարող ենք անել մեր մտքից իսպառ հանելով միտքը, թե կարող ենք թողնել Հայաստանը և գնալ մեր երկրից: Մենք պիտի մնանք և ունենանք այն Հայաստանը, որի համար պայքարել է Մոնթեն, և որին արժանի է մեր ժողովուրդը»:

Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ Մոնթեի մասին շատ պատմություններ կան պատմելու, սակայն սահմանափակվեց մեկ-երկուսով. «Ավոն ազնիվ էր, կարգապահ, սկզբունքային: Հիշում եմ՝ Մարտունու  շրջանի շտաբում հաճախ էր զինվորական ժողովներ կազմակերպում և ուշացողներին անպայման «պատժում էր»՝ վերջիններիս աշխատավարձից պահումներ անելով: Մի անգամ էլ ինքն ուշացավ: Մտածում էինք` տեսնես ինքն իրեն կպատժի՞: Պատժեց. ներս մտնելուն պես հանձնարարեց իր աշխատավարձից պահումներ անել»:

Ալեք Ենիգոմշյանը նկատեց, որ թեև մենք մշտապես զգում ենք Մոնթեի հոգևոր ներկայությունը, սակայն նրա ֆիզիկական ներկայության կարիքն այս օրերին շատ ունենք. «Այսօր մեզ պետք է Մոնթեն՝ չհուսահատվող մարդու նրա տեսակը: Ես հիշում եմ՝ 1992-ի մայիսին մենք տոնեցինք Շուշիի մեծ հաղթանակը, բայց հունիսից արդեն սկսեցինք մեծ կորուստներ ունենալ. Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) ուղիղ կեսը կորցրինք: Համատարած հուսահատություն էր այդ ժամանակ, և որևէ մեկը հույս չուներ, թե մենք կկարողանանք պահել մնացած Ղարաբաղը: Միայն Մոնթեն էր, որ ոչ միայն վստահ էր, այլև այդ օրերին իր զինակից ընկերների ներկայությամբ քարտեզի վրա մատիտով գծեց Արցախի սահմանները, որոնք այսօր մեր ունեցած սահմաններից շատ ավելի մեծ էին: Այսօր էլ ենք մենք համատարած հուսահատության մեջ ապրում, և պետք է Մոնթեից օրինակ վերցնենք: Նա չկա, բայց նրա օրինակը կա»,- ընդգծեց բանախոսը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Մեծ և իմաստուն Հայ: Աստված ձայնդ լսի:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930