«Русская Германия» պարբերականի փոխանցմամբ, Հերման վան Ռոմպեյը հայտարարել էր, թե «Եվրոպան դառնում է բոլորի համար համընդհանուր տուն, և նրանք, ովքեր կարծում են, թե իրենց երկիրը կարող է ինքնուրույն գոյատևել, պատրանքներով են ապրում»:
Aravot.am-ը ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեց`ինչպե՞ս կմեկնաբանի ԵԽ նախագահի վերոնշյալ արտահայտությունները: Նա դրանք որակեց` որպես «անլուրջ խոսքեր» ու ասաց. «Ինձ համար պետություն, ազգ անփոխարինելի գաղափարներ են, բացարձակ արժեք, ու չեմ կարծում, որ որևէ ողջամիտ հայ, ով իր երկիրն ու ազգը սիրում է՝ այլ կերպ պատասխաներ: Ես դա անընդունելի ձևակերպում եմ համարում: Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ գործակցությանը, ապա մենք ասել ենք, որ պատրաստ ենք ընդունել եվրոպական այն արժեքները, որոնք չեն հակասի մեր ազգային պետական շահին և դարձնել մեզ համար օրակարգային և համապատասխանեցնել մեր քաղաքական, տնտեսական, պետական համակարգին` առանց պետական շահի հետ հակասության»:
Մեր հստակեցմանը, թե այս հայտարարոթյուններով ի՞նչ է ուզում ասել Եվրոպան, պարոն Ուրիխանյանը պատասխանեց. «Հույս ունեմ, որ առանձին վերցված մեկ անձի արտահայտությունները Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշումը չեն»:
Պարոն Ուրիխանյանը չցանկացավ զուգահեռներ տանել ՀՀ-ի` Մաքսային միությանը անդամակցության հարցի միջև, բայց շեշտեց. «ՀՀ անդամակցության մասով կարող է պատասխան լինել այն պարագայում, երբ մենք ունենանք կոնկրետ տնտեսական շահ: Ինֆորմացիայի պակասն ու բացակայությունն է, որ մինչև այժմ մեզ ստիպում է փնտրտուքների մեջ լինելու: ՄՄ անդամակցությունը պիտի դիտարկել ՀՀ տնտեսական շահի տեսանկյունից: Իսկ ՌԴ-ի հետ համագործակցությունը պիտի զարգացնենք»:
ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը, ով Հայաստանի եվրոպական կողմնորոշման ջատագովներից է, հրաժարվեց այս թեմայով մեր հարցերին պատասխանել:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը եվրոպացիներին խորհուրդ է տալիս՝ «եթե իրենց դուր չի գալիս ազգ ու հայրենիք, թող իրենք նետեն այդ աղբամանը» ու նշում. «Եթե իրենց դուր չի գալիս ազգ ու հայրենիք, թող իրենք նետեն այդ աղբամանը: Մյուս կողմից էլ միայնակ չլինել՝ չի նշանակում մոռանալ ազգ ու հայրենիք: Իրենք արդեն վաղուց ուզում են ընտանիք, ծնող էլ մոռանալ, հարևան բարեկամ արդեն մոռացել են: Չնայած մեզ մոտ էլ է այդպես, բայց դա դեռ չի նշանակում, որ այդ ամենը պիտի մոռանալ: Աշխարհն այսօր ուրիշ է դարձել, և միայնակ հնարավոր չէ դիմակայել տարբեր մարտահրավերերի»:
Պարոն Քոչարյանը ԵԽ նախագահի արտահայտությունները և ՀՀ-ի` Մաքսային միության անդամակցումը իրար հետ կապ չունեցող հարցեր է համարում ու նշում. «Դա նման է նրան, որ ասենք կանաչ տերևն է լավ, թե կապույտ ամպը»:
Կարդացեք նաև
Կարեն Քոչարյանը կարծում է, որ սա Եվրոպայի միակ գաղափարախոսությունը չէ, քանի որ շատ այլ գաղափարներ կան Եվրոպայում և Մաքսային միությունում, և հավելում. «Այդտեղ է, որ պիտի լինի սուվերենությունը, և յուրաքանչյուր պետություն իր տեսակետն ասելու իրավունքը ունենա: Թող յուրաքանչյուր պետություն ինքը որոշի` պե՞տք է իրեն ազգ ու հայրենիք, թե` ոչ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ