Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից հերքում են ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի տարածած այն տեղեկությունը, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին հայհոյած երկու ոստիկան է աշխատանքից ազատվել:
Հիշեցնենք, որ ազատամարտիկը վերջին հանրահավաքի ժամանակ պատմել էր.
«Լիսկայի հայտնի դեպքերից հետո, երբ հատուկ ջոկատայինները գնացել են նրա որդուն ձերբակալելու, Լիսկան վերեւից հայհոյել է, այդ ոստիկանները հետ են պատասխանել: Արդյունքում Վովա Գասպարյանը երկու ոստիկանի հեռացրեց աշխատանքից: Այս մարդիկ էլ են կրակն ընկել: Բայց ոչինչ, ոստիկաններին հիմա ասում ենք՝ շուտով ինքնադրսեւորվելու հնարավորություն կունենաք: Ժողովուրդը չի ատում ոստիկանին, ատում է օրենքը խախտող թափթփուկ համազգեստավորին»:
«Նման բան չի եղել»,- Aravot.am-ին ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ