Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ՊՐՈ դիպլոմներ հանձնեց հայաստանցի 12 մարզիչների:
Հանձնելով դիպլոմները եւ շնորհավորելով մարզիչներին` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, դիմելով նրանց նաեւ ասաց. «Շատ լավ է, որ ՀՖՖ-ն ունի ՊՐՈ արտոնագրերի համար դասընթացներ անցկացնելու հնարավորություն: Բայց խոսքս ուղղելով դիպլոմ ստացող մարզիչներին` ցանկանում եմ նշել. ձեզնից կեսը մարզչությունից հեռու է: Այսօր մեր հավաքականը չունի գլխավոր մարզիչ: Բայց հանրությունը, լրատվամիջոցները այդ պաշտոնում ձեզնից ոչ մեկի թեկնածությունը չեն քննարկում: Կարծում եմ, որ դրա մեղավորությունը ֆեդերացիայինը չէ` ձերն է: Ցանկանում եմ, որ դուք ձերբազատվեք սովետական մտածելակերպից եւ սկսեք ձեր վրա աշխատել: Դուք չպետք է բավարարվեք այս արտոնագրերով եւ դադարեք աշխատել ձեր վրա: Այս քննադատությունը ձեր օգտին է, որ դուք շարունակեք սովորել ու զարգանալ: Շնորհավորում եմ բոլորիդ արտոնագիր ստանալու կապակցությամբ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ