Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրանը կդառնա՞ Հայաստանի համար այլընտրանք

Նոյեմբեր 25,2013 16:11

Շաբաթ օրը` նոյեմբերի 23-ին, Ժնեւում «վեցյակը»՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան, Գերմանիան, շրջադարձային համաձայնության են եկել  Իրանի հետ, որով պետք է սառեցնեն Իրանի միջուկային ծրագիրը: 

ԱՄՆ իշխանությունները նշել են, որ սա մոտակա տասնամյակում առաջին նման միջազգային համաձայնագիրն է, որ ստորագրվել է Իրանի միջուկային ծրագրի դադարեցման վերաբերյալ: Ի՞նչ զարգացումների կհանգեցնի այս համաձայնությունը տարածաշրջանում, ինչ կտա այն Հայաստանին՝ ՄՄ-ին ինտեգրվելու ճանապարհին: Արդյոք, այս համաձայնությունը տարածաշրջանում բացառո՞ւմ է հնարավոր պատերազմական գործողությունները:
Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս հարցերին, Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ իր գնահատմամբ մինչ այդ էլ պատերազմի վտանգը տեսական էր: Իրանի եւ միջազգային հանրության հարաբերությունների կարգավորումն, ըստ քաղաքագետի, բացում է Իրանի համագործակցության հնարավորությունները՝ այդ երկրի ունեցած ողջ ռեսուրսով: Ւսկ դա ուղղակիորեն նշանակում է, որ Իրանը մրցակցության մեջ է մտնելու Ռուսաստանի հետ, այն պարզ պատճառով, որ Իրանն աշխարհի երկրորդ երկիրն է գազի իր պաշարներով, ունի նաեւ նավթի հսկայական պաշարներ: «Դրանք այն գործոններին են, որոնք թույլ են տալիս, որ Պուտինը որպես զենք օգտագործի՝ իր շանտաժի քաղաքականության մեջ՝ ուղղված թե Եվրոպային, թե հետխորհրդային երկրներին: Ինչը, նա, ի դեպ, չի էլ թաքցնում. ասում է՝ ՌԴ-ի էներգետիկ զենքը: Իրանի բացվելը միջազգային հանրության առջեւ էապես բարդացնում է ՌԴ-ի այդ հնարավորությունները»,- ասաց քաղաքագետը:

Մեր զրուցակիցը գտնում է, որ այս համաձայնության արդյունքում Իրանը կարող է տարածաշրջանային գործընթացներում էլ առավել լայն մասնակցություն ունենալ՝ կլինեն դրանք տնտեսական, թե քաղաքական: Այս համատեքստում, հայ-իրանական հարաբերություններում միակ խանգարող գործոնը, որը կարող է լինել, Ռուբեն Մեհրաբյանը համարում է ՌԴ-ի գործոնը. «Որովհետեւ ՌԴ-ն չի ցանկանա, որ Իրանն իրեն մրցակից դառնա Հայաստանում կամ Հայաստանի հետ հարաբերություններում: Այսինքն, Իրանը դառնա Հայաստանի համար այլընտրանք: Բայց, նկատի առնելով Իրանի եւ Արեւմուտքի հարաբերությունների ջերմացումը Իրանի նկատմամբ՝ պատժամիջոցների վերացում, ֆինանսական միջոցների ապասառեցում եւ այլն, ես կարծում եմ, որ հայ-իրանական հարաբերությունների զարգացման հարցում Հայաստանը նույնիսկ դաշնակից կարող է ձեռք բերել՝ ի դեմս Արեւմուտքի»:

Վեցյակի եւ Իրանի ձեռքբերած համաձայնեցումը «պատմական» որակելով՝ մեր զրուցակիցը նկատում է. «Այս իրադարձության ֆոնին պարզապես աղաղակում է, թե ինչ կոպտագույն սխալ գործեց Հայաստանը սեպտեմբերի 3-ին՝ էապես նվազեցնելով իր հնարավորությունները: Հայաստանը, փաստորեն, հիմա գտնվում է մեծ ռիսկի տակ, որ իր բոլոր հնարավորությունները պարզապես կդնի ռուսական սապոգի տակ, որը տրորելով կանցնի այդ հնարավորությունները: Իսկ դրանք հնարավորություններ են, որոնք Հայաստանի անկախության առաջին օրվանից մինչ օրս մենք դեռ չենք ունեցել: Այդ հնարավորությունները նոր են բացվում եւ Հայաստանի պատմական պարտքն է՝ օգտվել դրանցից՝ ի բարօրություն սերունդների եւ պետականության»: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին, Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության իր որոշման մասին:
Այս ֆոնին անդրադառնալով Ուկրաինայում բարձրացած բողոքի ալիքին՝ https://www.aravot.am/2013/11/24/408545 այդ երկրի նախագահի՝ ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը հետաձգելու որոշման դեմ, Ռուբեն Մեհրաբյանն ասաց. «Այն, ինչը որ տեղի է ունենում Ուկրաինայում, շատ ոգեւորիչ, վարակիչ եւ դրական իմաստով նախանձելի գործընթաց է: Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացիների համար սա կարող է օրինակ ծառայել, թե ի՞նչ է նշանակում պետականություն, ի՞նչ է նշանակում պայքարել պետականության եւ ապագայի համար: Ես հավատում եմ ուկրաինացի ժողովրդի վերջնական հաղթանակին եւ կարծում եմ, որ սա օրինակ է, որ՝ այո, դա հնարավոր է: Եվ այն անհիմն հուսալքությունը, որը համակել է այսօր հայաստանյան հանրությանը, կարծում եմ, միանգամայն անտեղի է: Պայքարը դեռ նոր է սկսվում եւ պետք է պայքարել: Եթե չկա պայքար՝ չկան հնարավորություններ: Մենք հիմա պետականություն ենք կորցնում, բայց ունենք դրանից խուսափելու հնարավորությունը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930