Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջին հանդիպումը արգենտինահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ էր:
ԱԺ նախագահը եւ նրա գլխավորած պաշտոնական պատվիրակության անդամները նոյեմբերի 24-ին Բուենոս Այրեսում այցելեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշակոթողին եւ Արցախում զոհված ազատամարտիկների հուշարձանին:
ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի հանդիսասրահում Հովիկ Աբրահամյանը հանդիպում ունեցավ արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ողջունելով ներկաներին` ԱԺ նախագահը նշեց, որ Արգենտինան Լատինաամերիկյան առաջին երկիրն է, որտեղ Հայաստանի Հանրապետությունը հիմնեց իր դեսպանությունը, իսկ Արգենտինայի առաջին դեսպանությունը Հարավային Կովկասում հիմնվել է Հայաստանում: Բացի այդ Հայաստանը Արգենտինայի հետ վերացրել է մուտքի արտոնագրային ռեժիմի պահանջը: Այս ամենը, ըստ Հովիկ Աբրահամյանի, վկայում է հայ-արգենտինյան միջպետական բարեկամական հարաբերությունների եւ երկու ժողովուրդների՝ միմյանց նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքի մասին: «Մենք հպարտ ենք, որ մեր հայրենակիցներն ակտիվորեն մասնակցում են Արգենտինայի հանրային կյանքի տարբեր ոլորտների զարգացմանը, բարձր դիրքեր զբաղեցնում կառավարման համակարգում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Նա երախտագիտություն հայտնեց Արգենտինայի իշխանություններին ու ժողովրդին՝ մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերած եւ շարունակվող հոգատարության ու ջերմ վերաբերմունքի համար: «Մենք պատրաստակամ ենք շարունակելու համագործակցության խորացմանը միտված քայլերը՝ Արգենտինայի հետ քաղաքական, առևտրատնտեսական և մշակութային կապերն էլ ավելի զարգացնելու ուղղությամբ»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին` ԱԺ նախագահն ասաց. «Ինչպես գիտեք, այսօր համայն հայությանը հուզող խնդիրներից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հայանպաստ լուծումը: Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ հայ ժողովուրդն առավել քան հզոր է եւ ավելի արդյունավետ կարող է իրականացնել իր համազգային ծրագրերը: ԼՂ հարցի շուրջ բանակցային գործընթացը շարունակվում է, եւ ես ուզում եմ վստահեցնել ձեզ, որ անկախ հարեւան Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ հայտարարություններից ու սպառնալիքներից՝ մենք ամեն ինչ անելու ենք՝ հասնելու Արցախի հարցի հայանպաստ լուծմանը: Դրա բոլոր նախադրյալները կան՝ ի դեմս հայկական իշխանությունների քաղաքական կամքի, հայկական մարտունակ զինված ուժերի եւ միջազգային հանրության մեջ աստիճանաբար գերակա դարձող այն համոզման, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»:
«Համոզված եմ, որ մենք բոլորս Հայաստանում, թե՛ Արցախում, Արգենտինայում, թե՛ հայաշատ որևէ այլ երկրում, համատեղ ուժերով կարող ենք ավելի հզորացնել հայկական երկու պետությունները՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանրապետությունները, հզորացնել հայկական սփյուռքը՝ միմյանց սատարելով ու թիկունք լինելով»,- ասաց ԱԺ նախագահը:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն