Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինքնաթիռի վթարի համար մեղադրվող հրամանատարը պետությանը պատճառել է 150.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վնաս

Նոյեմբեր 25,2013 15:37

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Գյումրիում, արագացված ընթացակարգով հունիսի 26-ին հրապարակվել է ՀՀ ՊՆ զորամասի ուսումնական ավիացիոն էսկադրիլիայի 1-ին օղակի հրամանատար, մայոր Սարգիս Հակոբյանի դատավճիռը: Նա մեղադրվել է ՀՀ քր. օր-ի 378 հոդվածի 1-ին մասով:

Դատարանը Սարգիս Հակոբյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել է ազատազրկման 2 տարի ժամկետով: Նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի: Դատարանն , ի դեպ, սահմանել էր 2 տարի ժամկետով փորձաշրջան, ինչը բողոքարկում է մայորը ՀՀ քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարանում:
Մայորի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Արագացված ընթացակարգով ավարտված դատական նիստի ժամանակ բնականաբար չեն հետազոտվել Շիրակի մարզի զինվորական կայազորի դատախազի կողմից հարուցված քրգործով ձեռք բերված ապացույցները:

Պարզվել էր, որ Սարգիս Հակոբյանը, լինելով ուսումնական ավիացիոն էսկադրիլիայի հրամանատար, ունի ռազմական թռչող սարքերով թռիչքների բազմամյա փորձ: Սակայն ուղիղ մեկ տարի առաջ այս օրը, զորամասում պլանավորված և իրականացվող ուսումնական թռիչքների ժամանակ, նա խախտել է թռիչքային շահագործման ուղեցույցի 515-րդ և 577-րդ հոդվածներով նախատեսված կանոնները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Նա զորամասի ինքնաթիռում՝ թռիչքից անմիջապես հետո օդաչուների խցիկ ներթափանցած օդի և ծխի պատճառով կարգադրել է օդաչու, լեյտենանտ Աղասի Իսախանյանին՝ անջատել օդորակիչը։ Ըստ գործի նյութերի, թռիչքի 60-րդ վայրկյանում լեյտենանտ Ա. Իսախանյանը շարժիչի կառավարման բռնակը 80%-ի փոխարեն իջեցրել է մինչև 90%՝ շարժիչի առավելագույն պտույտները մինչև 100% հասցնելու նպատակով, սակայն տեսնելով, որ շարժիչի պտույտները չեն իջել առավելագույնից, նա այդ մասին զեկուցել է մայոր Ս. Հակոբյանին։ Վերջինս այդ պահից սկսած ինքնաթիռի կառավարումը վերցրել է իր վրա : Հակոբյանի գործողությունները բերել են շարժիչի պտույտների չնչին՝ 2-3% տատանումների: Այդ մասին նա վայրկյանների ընթացքում զեկուցել է թռիչքների ղեկավար, փոխգնդապետ Գարիկ Խնուսյանին։ Ս. Հակոբյանը սկսել է կտրուկ շրջադարձ կատարել դեպի թռիչքավայրէջքային ուղու ուղղությամբ, սակայն մոտ 15-20 վայրկյան չի նկատել այն։ Շարժիչի հնարավոր խափանման մասին վերջին զեկույցից հետո նա ամբողջությամբ տարվել էր «օդից թռիչքավայրէջքային ուղու որոնմամբ»: Ամբողջ ընթացքում Ս. Հակոբյանը, ըստ մեղադրանքի կողմի, չի հետևել ինքնաթիռի բարձր արագությանը, որը եղել է 370-420 կմ/ժ, որի պատճառով վայրէջքից առաջ չեն բացվել ինքնաթիռի փակվող թեւիկները։ Վայրէջքը կատարվել է բարձր արագությամբ՝ մոտ 300կմ/ժ, թռիչքավայրէջքուղու վերջնամասից մոտ 1200 մետր հեռավորության վրա։ Վայրէջքից անմիջապես հետո մայոր Ս. Հակոբյանը սեղմել է ինքնաթիռի արգելակների բռնակը, սակայն նկատելով, որ դրանք բավարար չեն կանգնելու համար, դիմել է վթարային արգելակների օգնությանը։ Տեսնելով, որ թռիչքավայրէջքուղու սահմաններում ինքնաթիռի կանգառն անհնար է, մայորը Ս. Հակոբյանն ինքնաթիռը շեղել է ձախ, դուրս եկել թռիչքավայրէջքային ուղու սահմաններից ու մտել դաշտավայր, անցել եւս մոտ 320 մետր եւ բախվել է քարքարոտ հողաթմբին, վթարվել է։ Մայոր Ս. Հակոբյանի նշված գործողությունների հետեւանքով, ինքնաթիռի վնասմամբ պետությանը պատճառվել է 150.000 ԱՄՆ դոլարին համարժեք 61.075.500 ՀՀ դրամի, իսկ վառելիքաքսուքային մի շարք նյութերի կորստի պատճառով՝ ընդհանուր 257.860, 912 ՀՀ դրամի վնաս, ընդամենը առանձնապես խոշոր չափի 61.333.360, 912 ՀՀ դրամի գույքային վնաս։

ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում Ս. Հակոբյանի բողոքի քննությունը նշանակվել է նոյեմբերի 29-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930