Լրահոս
Օրվա լրահոսը

Մալիացի ֆուտբոլիստը հաղթեց Միգրացիոն ծառայությանը. «Փաստինֆո»

Նոյեմբեր 25,2013 15:15

Հայցվոր, Մալիի քաղաքացի Բեն Յուսուֆ Դումբիան երկրորդ դատական ատյանում հաղթել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը՝ վարչական ակտերը վերացնելու և գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին վարչական գործով: 2010 թվականի օգոստոսի 9-ին նա դիմել էր ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն և խնդրել իրեն Հայաստանի Հանրապետությունում ճանաչել փախստական և տրամադրել ապաստան: 

Ըստ «Փաստինֆո»– ի, Մալիի քաղաքացին պատճառաբանել է, որ եկել է` Հայաստան «Բանանց» ֆուտբոլային ակումբում ֆուտբոլ խաղալու համար և չի կարող վերադառնալ իր մշտական բնակության երկիր` պարտքեր ունենալու պատճառով, քանի որ իրեն Հայաստան բերող մենեջերը վերցրել է իր մոտ եղած ողջ գումարն ու հեռացել, և նա ստիպված է եղել 3.000 ԱՄՆ դոլարի չափով պարտք վերցնել։

Ավելի ուշ Մալիի քաղաքացին, ով անչափահաս է` 17 տարեկան, հայտնել էր, որ Մալիում 2012 թվականի փետրվարից սկսվել են ծանր հակամարտություններ, ինչի մասին են վկայում բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական լրատվական միջոցների կողմից հրապարակված տեղեկությունները: 22.03.2012 թվականին հայցվորը կրկնակի դիմում է ներկայացրել Պատասխանողին` նշելով այդ նոր հանգամանքների մասին և խնդրելով տրամադրել փախստականի կարգավիճակ և ապաստան, սակայն մերժվել է։ Մալիացի հայցվորը խնդրել է վերացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության` 31.07.2012 թվականի մերժող ակտը և որպես դրա հետևանք` Բեն Դումբիային տրամադրել ժամանակավոր հատուկ կացարանում ապրելու թույլտվություն, մինչև նրա կրկնական դիմումի կապակցությամբ վերջնական որոշում կայացնելը։ Նա նաև խնդրել է վերացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության` 16.08.2012 թվականի մերժող ակտը և որպես դրա հետևանք` Բեն Դումբիային տրամադրել ապաստան հայցողի վկայական` մինչև նրա կրկնական դիմումի կապակցությամբ վերջնական որոշում կայացնելը։

Ըստ պատասխանողի, «քանի որ հայցվորի տվյալները չեն բավարարել «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով «փախստական» ճանաչվելու համար սահմանված պահանջներին, նրա դիմումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մերժվել է 2010 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ, որը սահմանված կարգով վերջինիս կողմից չի բողոքարկվել և ստացել է օրինական ուժ»։ Հայցվորը 23.03.2011 թվականին Հայաստանի Հանրապետությունում իրեն փախստականի կարգավիճակ տրամադրելու համար կրկնակի դիմում է ներկայացրել Ծառայություն, սակայն նրա դիմումը չի քննարկվել, քանի որ այն չի պարունակել տեղեկություններ` իր նախորդ դիմումի վերաբերյալ որոշում կայացնելուց հետո ի հայտ եկած նոր իրադարձությունների և փաստերի վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա.Դարբինյանի, 12.03.2013թ. վճռով գտել է, որ հայցվորի կրկնակի դիմումի ներկայացումից հետո վարչական մարմինը պետք է հայցվորին տրամադրեր այն բոլոր իրավունքներից օգտվելու լիարժեք հնարավորություն, որոնք նախատեսված են առաջին անգամ ապաստան հայցողների համար, ընդ որում` այդ հնարավորությունը պետք է տրամադրվեր այնպես, ինչպես դա տրամադրվում է առաջին անգամ ապաստան հայցողներին, այդ թվում նաև` ապաստան հայցողին ապաստանի տրամադրելու վերաբերյալ կրկնակի դիմում ներկայացնելուց հետո անվճար տրամադրեր անձը հաստատող վկայական, լիազոր մարմին դիմած ապաստան հայցողին տեղավորեր Ժամանակավոր տեղավորման կենտրոնում։ Վարչական դատարանը բավարարել էր Բեն Դումբիայի հայցը՝ վերացնելով, այսինքն՝ անվավեր ճանաչելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության` 31.07.2012 թվականի և 16.08.2012 թվականի վարչական ակտերը։

Վճռով ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը պարտավորեցվել է Բեն Դումբիայի տրամադրել ապաստան հայցողի անձը հաստատող վկայական և տեղավորել ժամանակավոր տեղավորման կենտրոնում։ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության վճռով պետք է բռնագանձվի 8.000 ՀՀ դրամ` որպես նախապես չվճարված պետական տուրքի գումար։ Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արա Բաբայանի նախագահությամբ, հոկտեմբերի 2-ի որոշմամբ, վերահաստատել է այս դիրքորոշումը՝ մերժելով պատասխանող, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից բերված վերաքննիչ բողոքը և Վարչական դատարանի վճիռը թողել անփոփոխ:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930