Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանի համոզմամբ, Թուրքիայի «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը ձախողվել է:
«Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը արդյունք չտվեց գործնականում: Թուրքիան հարեւանների հետ ոչ թե զրո, այլ շատ խնդիրներ ունեցավ»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց թուրքագետը եւ վստահեցրեց .«Այն հարեւանների հետ էլ , որոնց հետ, կարծես թե, Թուրքիան կարգավորել է խնդիրները, իրականում այդպես չէ: Կան ստորջրյա խութեր, որոնք ցանկացած պահի կարող են վեր բարձրանալ… Թուրքիայի մերձավորարևելյան քաղաքականության մեջ նրանք իրենց չեն արդարացրել: Թուրքիան համարում էր, որ Սիրիան իր ներքին խնդիրն է: Ամեն ինչ անում էր, որպեսզի հրահրի արտաքին ուժերի ներխուժումը Սիրիա»:
Նա վստահ է, որ հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիայի նախընտրած սցենարով չեն զարգանալու.«Թուրքիայի ցանկալի արդյունքը չի լինի, որովհետեւ կրկին գնում է նախապայմանների, փորձում է հարկադրական քաղաքականություն կիրառել»:
Թուրքագետին հետաքրքիր է թվացել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութողլուի վերջին հայտարարությունները` հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ. «Հիմնական թիրախը Ցեղասպանության հարյուրամյակն է, և որքան մոտենա այդ օրը, այնքան Թուրքիան ակտիվանում է… Իսկ առկախյալ արձանագրությունները նաև Թուրքիայի համար գործիք են՝ Ադրբեջանին ճնշելու համար»:
Կարդացեք նաև
Տիկին Հովհաննիսյանը, անդրադառնալով Պուտին-Էրդողան հանդիպմանը՝ կարծիք հայտնեց, որ այն աշխարհաքաղաքական զինադադարը, որը կար Թուրքիայի և Ռուսաստանի միջև, խախտվում է հօգուտ Ռուսաստանի. «Այսինքն, չնայած Ռուսաստանը շարունակում է տնտեսական սերտ կապերը Թուրքիայի հետ, բայց այդ տնտեսական հարաբերությունների ակտիվացումը շատ չի ընդլայնվում… Եվ Ռուսաստանն առայժմ թույլ չի տա Թուրքիային ակտիվանալ այն ոլորտում, որը իր մենաշնորհն է համարում»:
Ինչ վերաբերում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի Հայաստան գալուն, թուրքագետը չբացառեց, բայց նաեւ ասաց, որ դեռ վերջնական որոշված չէ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ